‘Փեսան սեփականաշնորհել է գովազդի շուկան ‘

1719

Ազգային ժողովի երեկվա նիստի հիմնական իրադարձությունը «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթն էր՝ նվիրված Հանրային հեռուստատեսությունում և նրա շուրջ հրեշավոր կոռուպցիոն սխեմաներին: Լ. Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ միջանցքներում և սենյակներում տարբեր, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավորները, հաշվիչները ձեռքերին, փորձում էին հասկանալ, թե տարեկան քանի՞ միլիոն գումար է հոսում «Կայմ» հեռուստաընկերության սեփականատերերի (կամ սեփականատիրոջ) գրպանը:

«Էլ ի՞նչ բիզնես պիտի անես Հայաստանում, որ դրանից շատ փող բերի: Տեղդ նստած՝ միլիոններն ամեն ամիս գալիս են», — այսպես արձագանքեց ՀՀԿ-կան գործարար պատգմավորներից մեկը` լսելով Զուրաբյանի ելույթը:

Հիշեցնենք, որ այդ ամբողջ քննարկման ժամանակ ընդամենը մեկ մարդու անուն էր շոշափվում՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անունը: Հենց նա է հանդիսանում «Կայմի» հիմնական սեփականատերը, թեեւ ֆորմալ առումով գործարքները կատարում է նրա մտերիմ ընկեր՝ Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը:

Ու մինչ աները կոռուպցիայի դեմ պայքարի ներկայացումներ է բեմադրում, փեսան մեկ օրում հայտնվում է երկու խոշոր կոռուպցիոն սկանդալի մեջ: Երեկ մի շարք լրատվամիջոցներ ահազանգում էին, որ Միքայել Մինասյանը շուտով ձեռք է բերելու «Որոտանի» հէկը, որը համարվում է մեր երկրի ամենաեկամտաբեր ու հեռանկարային օբյեկտը, իսկ օրվա կեսին էլ պարզվում է, որ նա թալանում է Հանրային հեռուստաընկերության միլիոնները: Իհարկե, Ալեքսան Հարությունյանը պարտիզանի համառությամբ ոչ մի կերպ չէր կարողանում մտաբերել «Կայմի» սեփականատիրոջը և նրա գողացած գումարների չափը, սակայն դա արդեն կարեւոր չէր. բոլորն արդեն հասկացել էին, թե դեպի ում կայմն են հոսում հանրայինի միլիոնները:

Նախորդ հոդվածը‘Բաղդադում երկու պայթյուն է որոտացել, կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում քվեարկության կդրվի սիրիահայերին տուրքերից ազատելու հարցը ‘