Փիրուզա Մելիքսեթյան. «Գաղջ բաստիոնի» գերագույն Գաղջը

1544

Փիրուզա Մելիքսեթյանը Ֆեյսբուքում գրել է.

Հայտնության պատգամն ու «100% օրգանիկ» սուտը

«Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք, երանի դու սառը լինեիր և կամ տաք․ իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից»։

(Հայտնություն 3։15-16)

Ապոկալիպսիսի այս տողերը, որոնք ուղղված են Լաոդիկեի եկեղեցուն և ունեն ինչպես պատմական, այնպես էլ խորը հոգեբանական ու փիլիսոփայական ենթատեքստ, ամենայն ճշգրտությամբ արտացոլում են «նոր» Հայաստանի պսևդոէլիտայի և «նիկոլիզմի» քայքայիչ վիրուսով վարակվածների աղտեղի նկարագիրը։

Հետաքրքիր է, որ Հովհաննես Ավետարանիչն այս պատկերն ընտրել է Լաոդիկե քաղաքի իրական պայմաններից ելնելով (այդ հին բնակավայրի ավերակները գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում՝ Դենիզլիի մոտ)։

Հարևան Հիերապոլիս քաղաքը հայտնի էր իր բուժիչ, տաք աղբյուրներով, մինչդեռ մյուս հարևան քաղաքը՝ Կողոսիան, ուներ մաքուր, զով ու սառնորակ խմելու ջուր։ Իսկ Լաոդիկեն սեփական ջրի աղբյուր չուներ. ջուրը բերվում էր կավե խողովակաշարերով, և տեղ հասնելիս արդեն դառնում էր գաղջ, տհաճ ու սրտխառնոց առաջացնող։

Իրողություն, որն ակնհայտ էր լաոդիկեցիներին. գաղջ ջուրը պիտանի չէր ո՛չ բուժման համար, ինչպես տաքը, և ո՛չ էլ ծարավ հագեցնելու, ինչպես սառը։

Հայտնության գրքի այս հանրահայտ վկայակոչումը հոգևոր ու բարոյական խոր իմաստ ունի. այն դատապարտում է կիսատությունը, երկդիմիությունը և անտարբերությունը: «Տաք» լինել նշանակում է լինել բոցավառ, նվիրված, սկզբունքային, ունենալ հստակ դիրքորոշում և անդրդվելի հավատք։

«Սառը» լինելն աստվածաշնչյան այս համատեքստում նշանակում է գոնե ազնիվ լինել սեփական անհավատության կամ ժխտողականության մեջ։ Սառը մարդը չի ձևացնում. նա հստակ է իր դիրքորոշմամբ, և նրան դեռ հնարավոր է «տաքացնել» կամ փոխել։

Գաղջը, որն առաջացնում է սրտխառնոց և, որպես տրամաբանական ավարտ՝ մերժում ու փսխուք, նշանակում է լինել երկդիմի, հարմարվող, անտարբեր, ստախոս ու անսկզբունքային՝ ո՛չ այն կողմ, ո՛չ այս կողմ։

Անբարո և գարշելի վիճակ, երբ անձը փորձում է և՛ Աստծուն հաճոյանալ, և՛ սատանային ծառայել. իմա՝ և՛ սկզբունքային ձևանալ, և՛ սեփական հարմարավետությունը չկորցնել։ Այսպիսի կեցվածքը կեղծավորության ու կրավորականության ամենանողկալի դրսևորումն է։

Եթե Հայտնության այս հավաստումը տեղափոխենք մերօրյա՝ «ժողովրդավարության» ժանգից քայքայված «բաստիոն», ապա այստեղ հստակ կնկատենք թե՛ գլխավոր «Գաղջին», և թե՛ նրան շրջապատող տոտալ «գաղջությունը»։

Աստվածաշնչյան խոսքը՝ «պիտի փսխեմ քեզ իմ բերանից», ցույց է տալիս Բացարձակի նողկանքն ու տոտալ մերժումը նման տեսակի հանդեպ։

Հայտնության գրքի «տաքի, սառի և գաղջի» այս համատեքստում էլ անդրադառնանք ՀՀ գերագույն «Գաղջի» հերթական՝ ըստ էության քրեորեն հետապնդելի հայտարարությանը.

«ՔՊ-ն ստացել է 100% օրգանիկ քվե, իսկ մյուս ուժերը՝ 100% ընտրակաշառքով քվե։ Առանց փողի ընդդիմության օգտին ոչ ոք չի քվեարկել»։

Երբ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը կիրառում է «100% օրգանիկն» ընդդեմ «100% կաշառվածի» կեղծ բանաձևը, անում է մի բան, որը Լաոդիկեայի եկեղեցուն ուղղված Հայտնության պատգամի համատեքստում ունի շատ կոնկրետ բարոյահոգեբանական ախտորոշում։

Սկսենք նրանից, որ Հայտնության գրքի նույն հատվածում, «գաղջ ես» տողերից անմիջապես հետո գրված է. «Քանի որ ասում ես․ «Հպարտ եմ և առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ», բայց չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր» (Հայտնություն 3։17)։

Փաշինյանի պնդումը, թե իրենց քվեն «100% օրգանիկ է»՝ այսինքն՝ մաքուր ու անթերի, իսկ դիմացիններինը՝ բացարձակապես արատավոր, հենց այս ինքնագոհության և բարոյական կուրության դրսևորումն է։ Սա սեփական թերությունները չտեսնելու և սեփական «ես»-ը բացարձակացնելու այն հոգեվիճակն է, որը Հայտնության մեջ համարվում է հոգևոր մահվան հիմքը։

Աստվածաշնչյան տեքստում հստակություն կա. կա՛մ սառը, կա՛մ տաք։

Կա՛մ ազնվորեն ընդունում ես իրականությունը՝ իր բոլոր բարդություններով, կա՛մ մերժում ես այն։

Ասել, թե հասարակության մի հսկայական զանգված, որը ձայն է տվել ընդդիմությանը, չունի սեփական կամք, գաղափար կամ դիրքորոշում և առաջնորդվել է բացառապես փողով, նշանակում է տոտալ կերպով մերժել քաղաքական իրականությունը։

«Տաք» կամ «սառը» մոտեցումը կլիներ այն, որ արժանապատվություն ունեցող իշխանությունն ազնվորեն խոստովաներ.

«Այո՛, մեր հանդեպ հանրության մեջ կա մեծ դժգոհություն, և կան մարդիկ, ովքեր սկզբունքորեն դեմ են մեր վարած քաղաքականությանը»։

Մինչդեռ «գաղջ» մոտեցումն այս դեպքում իրականությունը սեփական հարմարավետությանը սազացնելն է։ Ստեղծվում է կեղծ, «գաղջ» մի պատմություն, որտեղ ինքը միակ անարատն ու մաքուրն է, իսկ ողջ քաղաքական ու հանրային դաշտը՝ բացարձակապես փչացած ու ծախված։

Ռուսը կասեր՝ «Каждый думает в меру своей испорченности»!

Ինչո՞ւ չվկայակոչեցի հայկական հանրահայտ՝ «սեփական արշինով չափելու» տարբերակը։ Որովհետև այն չափազանց մեղմ է. արշինով չափելն ավելի շատ խոսում է սահմանափակ մտահորիզոնի կամ փորձի պակասի մասին։ Մինչդեռ ռուսական հիշյալ ասացվածքը 100-տոկոսանոց և անդրդվելի հարված է տվյալ «Գաղջի» հենց ճակատին։

Այդ ասացվածքը կոշտ է, բայց շատ ավելի ճշգրիտ է փոխանցում իրավիճակի ողջ անբարո պատկերը։ Երբ մարդու սեփական բարոյական նշաձողն իջեցված է մինչև մինուս անսահմանություն, և երբ նրա ներսում արդեն իսկ ձևախեղված են ճշմարիտն ու կեղծը, նա ուրիշների մեջ ընդունակ է տեսնելու բացառապես այդ նույն արատները։

Եթե ինքդ պատրաստ ես ստելու ու զրպարտելու հանուն իշխանության, քեզ թվում է՝ բոլորն են ստում ու զազրախոսում։

Եթե ինքդ պատրաստ ես սկզբունքներդ վաճառելու, քեզ թվում է՝ ցանկացած ընդդիմախոս ուղղակի «ուրիշի փողերով» է խոսում։

Եթե քո ներսում չկա «օրգանիկ» ազնվություն, դու պարզապես ի զորու չես հավատալու, որ ուրիշի քվեն կամ դիրքորոշումը կարող է լինել անկեղծ։

Սա յուրահատուկ հայելի է. որքան շատ է քաղաքական գործիչը կամ համակարգը դիմացինին մեղադրում ծախվածության, դավաճանության կամ տգիտության մեջ, այնքան ավելի պարզ է դառնում, թե որն է հենց իր սեփական «փչացածության չափը»։ Այնպես որ, վկայակոչված զուգահեռը լիովին արտացոլում է նիկոլական քաղաքական հռետորաբանության ողջ մակերեսայնությունը, կեղծիքն ու բոսյակային էությունը։

Սակայն սա հարցի միայն բարոյահոգեբանական կողմն է։

Իսկ ի՞նչ կլիներ իրական, այլ ոչ թե «ժանգոտած» ժողովրդավարության պայմաններում, եթե երկրի ղեկավարն իրեն թույլ տար հանրության կեսին առանց փաստերի մեղադրել քրեական հանցագործության՝ ընտրակաշառքի մեջ։

Ինչպիսի՞ իրավական և քաղաքական աղետ կհաջորդեր այս հայտարարությանը քաղաքակիրթ աշխարհում։

Հայտնության պատգամն ու «100% օրգանիկ» սուտը

Հրապարակմանս երկրորդ մասը որոշել էի տեղադրել վաղը, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Առաջին մասի հրապարակումից բառացիորեն վայրկյաններ անց ինքնահռչակ վարչապետը հերթական անպատասխանատու հայտարարությամբ իրազեկեց «թավշի» վերջնական ավարտի մասին՝ դրանով իսկ տալով սեփական հոգեբանական ու բարոյական ձևախեղման ամենացայտուն ապացույցը։

«Առաջիկա քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը։ Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն: Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել։ Սա է քաղաքական օրակարգը, և այս առումով հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա»։

Հանրությանը «եժովյան ձեռնոցներով» սպառնալը, ընդդիմադիր գործիչներին թիրախավորելն ու «հացին կակա ասել» պարտադրելու բոսյակային հռետորաբանությունը ոչ միայն վերջնականապես թաղեցին «ժողովրդավարության բաստիոնի» մասին կեղծ առասպելը, այլև բացեցին հոդվածիս երկրորդ՝ ամենակարևոր հարցադրման դռները։

Ինչպիսի՞ իրավական և քաղաքական աղետ կհաջորդեր այս հայտարարությանը քաղաքակիրթ աշխարհում։

Ցանկացած կայացած ժողովրդավարական երկրում, որտեղ իշխանության թևերը տարանջատված են, իսկ օրենքի գերակայությունը՝ սրբություն, երկրի ղեկավարի հնչեցրած նման տեքստը կդիտարկվեր որպես բացահայտ ահաբեկչություն, սպառնալիք, պետական ռեկետ և սեփականության իրավունքի տոտալ ոտնահարում։

Ահա թե ինչ կլիներ այնտեղ.

Նման խուժան «տեսաուղերձին» կհաջորդեր իրավապահ համակարգի անհապաղ արձագանքը։

Իրական ժողովրդավարության մեջ Գլխավոր դատախազն ու հատուկ քննչական մարմինները հայտարարությունից րոպեներ անց կա՛մ քրեական գործ կհարուցեին երկրի ղեկավարի դեմ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, ահաբեկման ու սպառնալիքի հիմքով, կա՛մ նրանից կպահանջեին անհապաղ ներկայացնել կոնկրետ փաստեր։ Եթե փաստեր չկան, ապա հայտարարություն անողը կմեղադրվեր զրպարտության և պետական ինստիտուտները սեփական քաղաքական վենդետաների համար օգտագործելու մեջ։

Խորհրդարանը նույն օրը ևեթ կնախաձեռներ արտահերթ նիստ։

Անգամ իշխող կուսակցության «առողջ» անդամները, սեփական քաղաքական ապագան ու երկրի վարկանիշը փրկելու համար, հետ կկանչեին իրենց մանդատները կամ կմիանային ընդդիմությանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի, գործընթացին։ Բռնապետական անցյալի ՝ «ունեզրկել», «հացին կակա պիտի ասեն», «հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա» խորհրդանիշներով սպառնացող ղեկավարը վայրկյանների ընթացքում կմեկուսացվեր քաղաքականությունից։

Կհաջորդեին դատական հայցերն ու աստղաբաշխական փոխհատուցումները։

Այն անձինք, ում հասցեին հնչել են «հացին կակա ասելու» կամ «ունեզրկելու» սպառնալիքները, նույն պահին կդիմեին անկախ դատարան, որը ոչ միայն կպաշտպաներ քաղաքացիների անձնական անձեռնմխելիությունն ու սեփականության իրավունքը, այլև երկրի ղեկավարին կպարտադրեր վճարել միլիոնավոր դոլարների փոխհատուցում՝ հանրային զրպարտության և արժանապատվությունը վիրավորելու համար։

Իրավական երկրում նման լպիրշ սպառնալիքը կդառնար տվյալ գործչի քաղաքական գերեզմանը։

Ոչ միայն ինքը, այլև իր ողջ քաղաքական թիմը տասնամյակներով կզրկվեին հանրության աչքերին երևալու հնարավորությունից։

Մամուլի, հանրության և սեփական թիմի ճնշման տակ նման ղեկավարը հրաժարական կտար հենց հաջորդ առավոտյան՝ ընդմիշտ փակելով իր ճանապարհը դեպի հանրային կյանք։

Իրական ժողովրդավարությունը չափվում է ոչ թե նրանով, թե որքան գեղեցիկ ստեր է խոսում իշխանությունը ընտրություններից առաջ ու հետո, ինչպես է սպառնում, այլ նրանով, թե որքան արագ է պետական մեխանիզմը պատժում և ինքնամաքրվում այն ղեկավարից, որն իրեն թույլ է տալիս անցնել օրենքի և բարոյականության բոլոր կարմիր գծերը։

Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր «նիկոլական բաստիոնում». Իրավապահ համակարգը ոչ թե քրեական գործ է հարուցում սպառնալիք հնչեցնողի դեմ, այլ պատրաստվում է կատարել «եժովյան ձեռնոցներ» հագնելու նրա հրահանգը։

Խորհրդարանական մեծամասնությունը հպարտորեն ծափահարում է հակաօրինական այս վակխանալիային, իսկ հանրության մի հատված դեռ շարունակում է հավատալ, որ սա «ժողովրդավարություն» է։

Այժմ կոնկրետ դրվագներով փորձենք հստակեցնել, թե ինչ է լինում իրական ժողովրդավար հասարակություններում հետո, երբ իշխանությունը կորցնում է իրականության զգացողությունը և իրեն քննադատող ցանկացած անհատի (լրագրողի, գիտնականի, դասախոսի, շարքային քաղաքացու) դիտարկում է որպես «ծախված» կամ «դավաճան»։

Խոսենք փաստերով (բոլոր օրինակները վերցված են համացանցից)։

1․ Ռիչարդ Նիքսոնը և «թշնամիների ցուցակը» (ԱՄՆ, 1970-ականներ)

ԱՄՆ նախագահ Նիքսոնը ստեղծել էր իր քաղաքական հակառակորդների և անհարմար մտավորականների գաղտնի ցուցակ (Nixon’s Enemies List), որոնց դեմ օգտագործում էր պետական լծակները՝ հարկային ստուգումներ, հետապնդումներ, զրպարտություններ տարբեր ամբիոններից։

Երբ այս ամենը բացահայտվեց ՈՒոթերգեյթյան սկանդալի շրջանակներում, հանրությունը տեսավ իշխանության ողջ նենգությունն ու «փչացածությունը»։

Իսկ Նիքսոնը դարձավ ԱՄՆ պատմության մեջ միակ նախագահը, որը ստիպված եղավ հրաժարական տալ՝ իմպիչմենտից խուսափելու համար։

2․ Գորդոն Բրաունը և «մոլեռանդ կինը» (Մեծ Բրիտանիա, 2010 թ․)

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը նախընտրական շրջանում փողոցում զրուցում էր մի տարեց կնոջ՝ Ջիլիան Դաֆիի հետ, որն ավանդաբար ընտրում էր հենց Բրաունի կուսակցությանը, բայց ներգաղթյալներին առնչվող հարցեր ուներ։

Խոսելուց հետո Բրաունը նստեց իր մեքենան՝ մոռանալով անջատել հագուստին ամրացված բարձրախոսը, և օգնականին ասաց.

«Սա ուղղակի աղետ էր… Ո՞վ էր այդ մոլեռանդ, նեղմիտ կինը»։

Բրաունի բառերն ուղիղ եթերով հնչեցին հեռուստատեսությամբ։ Երկրում բարձրացավ համատարած ցասման ալիք։

Վարչապետը ստիպված եղավ անձամբ գնալ այդ կնոջ տուն և հրապարակավ՝ տեսախցիկների առաջ ներողություն խնդրել։

Սակայն հարվածն անդառնալի էր. Բրաունի կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց ընտրություններում, և նա հրաժարական տվեց։

3․ Միթ Ռոմնին և «նպաստառու 47 տոկոսը» (ԱՄՆ, 2012 թ․)

ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին փակ հանդիպման ժամանակ արտահայտել էր մի միտք, որը գաղտնի ձայնագրվել էր և հայտնվել մամուլում։

Ի՞նչ էր ասել նա։ Հայտարարել էր, որ Ամերիկայի բնակչության 47 տոկոսը ցանկացած դեպքում քվեարկելու է գործող նախագահ Օբամայի օգտին, որովհետև նրանք «կախված են պետությունից, իրենց զոհ են զգում և չեն ուզում պատասխանատվություն ստանձնել սեփական կյանքի համար»։

Ի՞նչ հաջորդեց։

Հասարակությունն ասվածն ընդունեց որպես մեծամիտ հարուստի հայացք սովորական քաղաքացիների նկատմամբ («սեփական արշինով չափելու» դասական օրինակ)։ Ռոմնիի վարկանիշը գահավիժեց, նրան չներեցին հանրության գրեթե կեսին «մակաբույծ» անվանելու համար, և նա պարտվեց ընտրություններում։

4․ Հիլարի Քլինթոնի և Թրամփի ընտրողների «ողբալիների բանակը» (ԱՄՆ, 2016 թ․)

Սա միջազգային պրակտիկայի թերևս ամենահայտնի օրինակն է, որը Քլինթոնին արժեցավ նախագահական աթոռը։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ Դոնալդ Թրամփի ընտրողների կեսին կարելի է տեղավորել «ողբալիների զամբյուղի» մեջ (Basket of deplorables)՝ նրանց անվանելով ռասիստներ, տգետներ և հետամնացներ։

Այս խոսքերը կատաղի հակազդեցություն առաջացրին հասարակության մեջ։ Միլիոնավոր սովորական աշխատավոր ամերիկացիներ վիրավորվեցին, որ իրենց քաղաքական դիրքորոշման համար երկրի էլիտան իրենց պիտակավորում է։

Թրամփի թիմը հանճարեղորեն օգտագործեց այդ «սայթաքումը». մարդիկ սկսեցին հպարտությամբ կրել «Ես ողբալի եմ» գրությամբ շապիկներ։

Վերլուծաբանների համոզմամբ՝ սեփական ժողովրդին նվաստացնող այս մեկ ձևակերպումը դարձավ Հիլարի Քլինթոնի պարտության գլխավոր պատճառներից մեկը։

Ո՞րն է վկայակոչված օրինակների ընդհանուր հայտարարը. միջազգային փորձը ցույց է տալիս, որ կայացած քաղաքական մշակույթ ունեցող երկրներում հանրությունը երբեք չի ներում, երբ իշխանությունը փորձում է վեր կանգնել ժողովրդից, պիտակավորել նրան կամ սեփական քաղաքացուն մեղադրել «ծախված» լինելու մեջ։

Այս օրինակների ֆոնին, մերօրյա հայաստանյան իրականությունը դառնում է ոչ թե պարզապես տխուր, այլ ողբերգական։ Այնտեղ, որտեղ քաղաքակիրթ առաջնորդները կորցնում են աթոռն ու քաղաքական ապագան սեփական ժողովրդին նվաստացնելու համար, մեր «գերագույն Գաղջը» գնում է միանգամայն հակառակ ճանապարհով։ Նա ոչ թե ներողություն է խնդրում հանրության կեսին վիրավորելու, զրպարտելու համար, այլ ավելի է թեժացնում հռետորաբանությունը՝ բացեիբաց հայտարարելով «եժովյան ձեռնոցներ» հագնելու, քաղաքական հակառակորդներին «ունեզրկելու» և մարդկանց «հացին կակա ասել» պարտադրելու պատրաստակամության մասին։

Սա է ահա ներկա վարչակարգի խոստացած «100% օրգանիկ» ժողովրդավարության իսկական դեմքը։

Դատարկ, շպարված մի ցուցափեղկ, որի հետևում թաքնված է սովորական, տոտալիտար բռնապետության ախորժակը։ Ժողովրդավարությունն այս վարչակույտի համար երբեք էլ արժեք չի եղել, այն ընդամենը գործիք էր՝ իշխանության հասնելու և յուրացրած աթոռն ամեն գնով պահելու համար։

Եվ այստեղ է, որ կրկին աղաղակող է դառնում Հայտնության գրքի պատգամը՝ ուղղված Լաոդիկեի եկեղեցուն.

«Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք, երանի դու սառը լինեիր և կամ տաք․ իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից» (Հայտնություն 3։15-16)։

Քաղաքական ու բարոյական այս գաղջությունը երկար կյանք ունենալ չի կարող։

Պատմությունը բազմիցս է ցույց տվել՝ ստի, վախի ու սպառնալիքի վրա կառուցված ոչ մի բաստիոն հավերժ չէ։ Որքան ավելի են սեղմվում «եժովյան ձեռնոցները», այնքան ավելի արագ է մոտենում այն պահը, երբ հանրային արդար դատաստանն ու պատմությունը նույնպես իրենց բերանից դուրս կնետեն այս քաղաքական կեղծիքը։

Իսկ մինչ այդ՝ դիմակներն ամբողջությամբ պատռված են։ Ընտրությունը մերն է՝ շարունակե՞նք շնչել այս հեղձուցիչ «գաղջը», թե՞ տեր կանգնենք մեր իրական, քաղաքակիրթ ու արժանապատիվ ապագային»։

Նախորդ հոդվածըՀասմիկ Հարությունյան. Գրեթե բոլոր իշխանափոխությունները կատարվել են Արևմուտքի միջոցով կամ հավանությամբ
Հաջորդ հոդվածըԱրսեն Թավադյան. Չափազանց վտանգավոր նախադեպ