‘
Երկուշաբթի Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է «ֆիզիկական ազդեցություն» գործել Հարավային Կորեայում ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային համակարգի տեղադրման դեմ:
ԿԺԴՀ իշխանությունները խոստացել են գործողությունների դիմել՝ հենց որ հայտնի դառնա համակարգի տեղադրման վայրը և ժամանակը:
Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտարարել են, որ տեղակայման վայրը կընտրվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ տեղակայումը կկատարվի մինչև հաջորդ տարեվերջ: Համակարգը պետք է երկիրը պաշտպանի միջուկային զենքից, որը, հնարավոր է, ունի Փհենյանը: THAAD համակարգը կհայտնաբերի հյուսիսկորեական հրթիռները և կխոցի դրանք:
Սեուլը և Վաշինգտոնը հավաստիացնում են, որ ՀՕՊ-ը վտանգ չի ներկայացնում այլ երկրների համար: Սակայն Ռուսաստանը և Չինաստանն արդեն մտահոգություն են հայտնել այդ ծրագրի կապակցությամբ: Փոխանցում է BBC-ն:
‘