‘ՓՄԻԿ-ը հորդորում է ՀՀ իշխանություններին վատնված գումարների քաղաքականությունից անցնել գործնական քայլերի’

656

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը իշխանություններին հիշեցնում է ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների գոյության և Հայաստանի գործող վարչակազմի կողմից նրանց հիմնախնդիրը լուծելու բարոյական, քաղաքական, սոցիալական և տնտեսական

պատասխանատվության մասին:

«Հայաստանի հաջորդ տարվա բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների համատեքստում պարտավորված ենք զգում հիշեցնել, որ հարյուր հազարավոր ադրբեջանահայ փախստականները, որոնց մի զգալի մասն ապաստանել է ՀՀ-ում, ակնկալում են երկրի իշխանությունների գործուն աջակցությունն իրենց արմատական շահերի պաշտպանության և ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում: Սումգայիթի կոտորածներից անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանը, տարբեր պատճառներով, այդպես էլ չկարողացավ Ադրբեջանում էթնիկ զտումների ու ցեղասպանության գործողությունների ենթարկված և Հայաստան բռնագաղթած մեր հայրենակիցների համար ապահովել տանելի սոցիալական կենսապայմաններ` նրանց գերակշիռ մասն այդպես էլ հնարավորություն չունեցավ լուծելու բնակարանի ու զբաղվածության հարցը և ամուր արմատներ գցել Հայրենիքում: Միանգամայն ընկալելի է, որ պետությունն այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ միջոցները չի ունեցել, իսկ եղած սեփական միջոցներն ու միջազգային օգնությունն էլ, մեր համոզմամբ, ծախսվել է անարդյունավետ և ոչ-թափանցիկ ռեժիմով: Ասվածի համատեքստում ուզում ենք հիշեցնել ՀՀ գործող իշխանություններին, որ ադրբեջանահայ փախստականները, որպես արցախյան հակամարտության արդյունքում տուժած կողմ, ունեն պետության քաղաքական ու իրավական աջակցության կարիքը` իրենց հասցված վնասների և կորուստների համար Ադրբեջանից համարժեք փոխհատուցումը ստանալու հարցում: Դրա համար անհրաժեշտ է հստակ մշակված և ձևակերպաված քաղաքականության շրջանակներում գործող կոնկրետ պետական ծրագրի իրականացում:

…Գտնում ենք, որ եթե առ այսօր փախստականներին օգնելու պատրվակով քամուն տված պատկառելի գումարների չնչին մասն անգամ նպատակային կերպով տրամադրվեր վերը բարձրացված խնդրի լուծմանը, ապա` թե՛ փախստականների վիճակը Հայաստանում, թե՛ վերջինիս քաղաքական դիրքերը արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում անհամեմատ ավելի բարվոք կլինեին: Հիմնվելով վերը ասվածի վրա` հորդորում ենք ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց դատարկ խոստումների ու վատնված գումարների քաղաքականությունից անցնել ընդհանուր պետական և ազգային շահերից բխող գործնական քայլերի»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Հռիփսիմե Խուրշուդյանի պատասխանը Նեմեցին’
Հաջորդ հոդվածը‘Բրահիմի. Ժնև-2-ը կկայանա միմիայն ընդդիմության մասնակցության պարագայում’