‘Փնտրվում են արևմտամետներ’

1606

Ընդհանրապես՝ որևէ խնդիր չի կարող լինել, եթե մարդը կարծում է, որ Հայաստանը պետք է գնա Արևմտյան ուղղությամբ: Նույնպիսի խնդիր չի կարող լինել, եթե մարդը կարծում է, որ Հայաստանը պետք է ընթանա Արևելյան ուղղությամբ, կամ՝ Հյուսիսային, կամ՝ Հարավային ուղղություններով: Ամեն մարդ ինքն է որոշում ՝ ինչ ուղղությամբ շարժվել, սակայն խնդիրն այն է, թե ինչպիսի տրամաբանական հաշվարկ է արվում այն ժամանակ, երբ որոշվում է, թե որ ուղղությամբ գնալն է շահավետ, իսկ որ ուղղությամբ գնալը՝ վտանգավոր:

Խնդրահարույց է նաեւ այն երևույթը, երբ մարդիկ հայտարարում են, որ արևմուտք գնալը Հայաստանի միակ փրկությունն է, սակայն ոչ մի ձայն չեն հանում իրենց իսկ կողմից բնորոշված՝ «կործանման տանող» Մաքսային միությանը Հայաստանի միանալու  մասին:

Երբ «արևմտամետ» ուժերը դուրս եկան Հայ ազգային կոնգրեսից, նրանք հայտարարում էին, որ ԲՀԿ-ն  ռուսամետ ուժ է, ու քանի որ Կոնգրեսն էլ քաղաքագիտական վերլուծության շրջանակներում համագործակցում է ԲՀԿ-ի հետ, ապա նրանք համաձայն չեն Կոնգրեսի վարած քաղաքականությանը ու պատրաստվում են պայքարը շարունակել «առանձին ու վճռական»:

Նրանք վստահորեն հայտարարում էին, որ իշխանություններն ընտրել են Հայաստանի զարգացման արևմտամետ ուղին, այդ պատճառով նրանց քննադատությունները ուղղվում էին ոչ թե սպանությունների ու հեղաշրջման գնով իշխանությունը զավթածների , այլ, իբրեւ թե՝ Ռուսաստանին «ծառայող» ԲՀԿ-ի ու Կոնգրեսի ուղղությամբ: Նրանք իշխանությունների հետ միասնական ճակատ էին կազմել, որպեսզի ոչնչացնեն այս երկու ուժերին , ու «անկախ» լրատվամիջոցների օգնությամբ ամեն օր լուտանքներ ու կեղտ էին շպրտում հայաստանյան՝ իշխանություններից ու կրիմինալից միակ անկախ ուժի վրա:

Պատմությունը՝ պատմություն, սակայն եկեք այժմ խոսենք ներկայով: ԵՄ-ի հետ ասոցացումից Հայաստանի դե ֆակտո հրաժարումից ու Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո որևէ մեկը տեսե՞լ է մի քանի տարի անընդմեջ իշխանությունների արևմտամետության գովքն անող 1in.am, lragir.am կայքերի խմբագիրներին որևէ տեղ պայքարելիս, կամ որևէ մեկը պատահաբար միտինգ անելիս հանդիպե՞լ է Դավիթ Շահնազարյանին, Իգոր Մուրադյանին կամ Ալեքսանդր Արզումանյանին: Ո՞ւր են կորել Հանրապետություն կուսակցության կարկառուն ներկայացուցիչները, ովքեր Կոնգրեսից դուրս գալիս հայտարարում էին Ազատության Հրապարակը մարդկանցով լցնելու մասին: Ո՞ւր են «Վիկիլիքսով» բացահայտված նախկին ՀՀՇ, հետո Ազատ Դեմոկրատ, կամ «Նոր ՀՀՇ» բացել ցանկացող ամերիկյան գործակալները, ովքեր ԱՄՆ դեսպանության պատերի տակ բամբասում էին Կոնգրեսից՝ իբր թե ռուսամետության համար:

Նրանք նույնիսկ պատրաստ էին Պարույր Հայրիկյանի վրա կաֆել խփողների կողմից արձակված կրակոցը  ներկայացնել որպես «իմպերիալիստական» Ռուսաստանի կողմից կազմակերպված մահափորձ՝ անկախության սիմվոլի նկատմամբ, և հիվանդանոցում, մեկը մյուսին նկարվելու հերթ չտալով ՝ռուսական հետք էին տեսնում, ու այդ հետքն էլ փորձում էին կապել ԲՀԿ-ի ու Կոնգրեսի հետ:

Հիմա իսկը ժամանակն է, որպեսզի միավորվեք և ձեր արևմտամետությունը փողոցում արտահայտելով՝ լիարժեք պայքարեք Սերժ Սարգսյանի դեմ. չէ՞ որ, ըստ ձեզ, Ռուսաստանը «չարիքի» կայսրություն է, իսկ Սերժ Սարգսյանն էլ երկիրը տարավ ծառայեցնելու այդ կայսրությանը:

Սակայն՝ չէ, նրանք կրկին կես բառ չեն ասում Սերժ Սարգսյանի վարած կործանարար քաղաքականության մասին ու չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանց միակ թիրախը կրկին Կոնգրեսն ու ԲՀԿ-ն են, ովքեր ճշգրիտ կանխատեսեցին Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության դեպքում Հայաստանին սպասվող մարտահրավերները: Հիմա էլ նրանց թեզն այն է, թե, իբր, եթե Սերժ Սարգսյանին չքննադատեին, ու Սերժ Սարգսյանը չտեսներ իշխանությունը կորցնելու վտանգը, չէր ենթարկվի Ռուսաստանի «ճնշումներին», ու այժմ մենք կլինեինք Ասոցացման համաձայնագրի «ծիրին» մեջ:

Հիմա արդեն ամեն ինչ պարզ է՝ մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը պատրաստ կլինեն Մաքսային միությանը միանալու բոլոր պայմանագրերը, այնպես որ՝ մինչ այդ Կանգրեսից դուրս եկած ու իշխանության տիրույթում հայտնված արևմտամետները կարող են ինքնակազմակերպվել ու միանալով Պարույր Հայրիկյանին և իշխանության մեջ գտնվող արևմտամետ Տիգրան Սարգսյանին, Գալուստ Սահակյանին, Միքայել Մինասյանին և այլ՝ իրենց պես արևմտամետների, մի «հզոր» ուժ կազմել ու պայքարել Հայաստանը Ռուսաստանի «ճիրաններից» դուրս բերելու ուղղությամբ:

Դե ձե՛զ տեսնենք, Հայաստանի անկախության համար գիշերները չքնող սկզբունքային ու արևմտամետ ուժեր ջան…:

Դավիթ Քոչարյան

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Մենք ունենք մի դատական իշխանություն, որը բացարձակ անկախ չէ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան – Դանիա՝ 0-1. Հոգնած’