‘Փնտրվում է Իշխան Զաքարյանը . ՎՊ անդամները իրարամերժ տեղեկություններ են տալիս’

1211

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում այսօր քննարկվում էր Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ օրենսդրության համաձայն՝ հաշվետվությունը պետք է ներկայացնի անձամբ ՎՊ նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նրա տեղակալը, բայց ոչ երբեք` Պալատի խորհրդի անդամը: Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ Զաքարյանին արգելել է ԱԺ գալ Սերժ Սարգսյանը` 2012-13թթ. աղմկահարույց բացահայտումներից հետո:

Ընդ որում՝ ո՛չ ԱԺ ղեկավարությունը, ո՛չ ՎՊ ներկայացուցիչ Ավագյանը այդպես էլ հստակ պատասխան չտվեցին` որտեղ է Իշխան Զաքարյանը: Կոնգրեսի, ԲՀԿ և «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարեցին, որ ընթացող քննարկումն անօրինական է` պահանջելով Զաքարյանի ներկայությունը:

Իր եզրափակիչ ելույթում ՎՊ ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը հավաստիացրեց, որ Զաքարյանի բացակայության մեջ որևէ ինտրիգ չկա, և նա ԱԺ չի եկել «պետական առաքելության» պատճառով:  «Նա շատ հեռու չէ, սակայն, ցավոք սրտի, այս պահին չի կարող ներկա լինել: Կարծում եմ` բոլորդ էլ գիտեք` որտեղ է: Բարձրաձայնե՞մ նրա առաքելության տեղը: Չեմ կարծում, որ դրանից Կիկոսի պատմությունը պետք է ստեղծել»:

Քննարկումից հետո iLur.am-ը Սեյրան Ավագյանից փորձեց պարզել` այնուհանդերձ, որտե՞ղ է նրա ղեկավարը: Ավագյանի խոսքով՝ Զաքարյանը արտասահման է մեկնել «հատուկ գործերով», որոնց մասին հանրությունը կտեղեկանա երկու-երեք օրից:

Թեև Սեյրան Ավագյանը խորհուրդ տվեց Զաքարյանի բացակայության մեջ ինտրիգ չփնտրել, ինտրիգն, այնուամենայնիվ, ինքն իրեն «գտնվեց»: Այսպես, Վերահսկիչ պալատում Ավագյանի ասած «հատուկ առաքելության» մասին որևէ տեղեկություն չունեին` Զաքարյանի քարտուղարուհին iLur.am-ին տեղեկացրեց, որ ՎՊ նախագահը արձակուրդում է: «Գործուղման մասին տեղեկություն չունեմ, եթե գործուղման լիներ, ես առաջինը տեղյակ կլինեի», — ասաց նա: Արձակուրդի «վարկածը» պաշտպանեց նաև ՎՊ աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը: Նրա խոսքով՝ Իշխան Զաքարյանը իր արձակուրդի օրերը  մաս-մաս է օգտագործում և այս անգամ արձակուրդում կլինի մինչև փետրվարի 19-ը:

Ուշագրավ է, որ Իշխան Զաքարյանն արձակուրդի է մեկնում հենց այն ժամանակահատվածում, երբ օրենքով պարտավոր է ԱԺ-ում ներկայացնել իր ղեկավարած հաստատության աշխատանքի ծրագիրը կամ հաշվետվությունը: Վերջին անգամ նա «արձակուրդի էր գնացել» 2014-ի դեկտեմբերի սկզբին. երբ ԱԺ-ում նրա փոխարեն ՎՊ ծրագիրը ներկայացրեց Պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը: 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. ՎՊ թվերով՝ ՀՀ-ում տարեկան վատնվում է 600 մլն դոլար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Օրինականությունից և ապօրինությունից անդին’