‘Փոխնախարար. Բացառիկ դեպք, երբ ընդդիմությունը սխալվում է’

1610

Ազգային Ժողովում 2015-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այսօր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ «ատկատների» դեմ պայքարը նշանակալի արդյունքներ կտա միայն ծրագրային բյուջե ընդունելու դեպքում: iLur.am-ի խնդրանքով փոխնախարարը պարզաբանեց այդ հայտարարությունը:

Խնդրում եմ հանրամատչելի լեզվով ներկայացնել՝ ի՞նչ է նշանակում «ծրագրային բյուջե», եւ ինչպե՞ս կարող է դա նպաստել ատկատների վերացմանը:

Ծրագրային բյուջեի բացակայությունը ատկատներ ծնող գործոններից մեկն է: Ի տարբերություն այն ձեւաչափի, որով այսօր բյուջեները ներկայացնում ենք, կառավարությունն արդեն տասը տարի է՝ աշխատում է ծրագրային բյուջեներ ներկայացնելու ուղղությամբ, ինչը նոր երեւույթ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհի բյուջետային պրակտիկայում:  Պարզ ասած, ոչ թե ներկայացվում է ֆինանսական ցուցանիշները, այսինքն՝ որեւէ հիմնարկի համար աշխատավարձեր, հեռախոսի վարձ, գործուղումներ, այլ՝ բյուջեն ներկայացվում է ծրագրերի տեսքով՝ որակական ցուցանիշներ, թե ինչ արդյունքների պետք է հասնեն, եւ քանակական ցուցանիշներ: Այդ ձեւաչափին եթե մենք կարողանանք անցնել, դա զգալի ազդեցություն կարող է ունենալ ատկատների կրճատման համար:

Ե՞րբ դա կարող է տեղի ունենալ:

Եթե ամեն ինչ հաջող գնա, մենք 2018-ից կսկսենք ներդնել ծրագրային բյուջեի գործընթացը: Դա մի գործընթաց է, որն ավարտ չունի: Երկրներ կան, որոնք 30 տարի է՝ այդ գործընթացի մեջ են: Այս առումով մենք ԱՊՀ երկրների մեջ առաջամարտիկ ենք: Եթե դուք միջազգային վերլուծությունների ծանոթանաք, կտեսնեք, որ մենք բավականին առաջ ենք: Դա անընդհատ պրոցես է, որը կարելի է կիրառել, բայց ասել, որ վերջացավ, սխալ կլինի: Գաղափարը հետեւյալն է՝ ցուցանիշները պետք է անընդհատ կատարելագործվեն: Ծրագրերի որակական ցուցանիշները պետք է որոշեն պատգամավորները, հանրությունը, մամուլը եւ կառավարությունը, նրանք պետք է որոշեն այդ ցուցանիշների շրջանակը:

Դուք ասացիք, որ ատկատներ ծնող այլ գործոններ էլ կան: Որո՞նք են դրանք:

Ես ատկատի մասնագետ չեմ եւ չեմ կարող այլ գործոնների մասին տեղեկատվություն տալ: Ասացի այն մասով, որ մասով որ տիրապետում եմ: Մնացած մասերով՝ ցանկացած այլ մարդ ինձանից լավ կարող է պատասխանել:

Դուք այսօր հայտարարեցիք նաեւ, որ կրթության ոլորտում բյուջետային ծախսերը սահմանելիս հաշվի է առնվել աշակերտների թվաքանակի աճը: Այստեղ սխալ չկա՞, աշակերտների թիվն իսկապե՞ս աճել է:

Այո, հավատացեք, որ այդպես է:

Բայց ընդդիմությունն ասում է, որ հակառակը՝ աշակերտների թիվը շարունակաբար նվազում է:

Ես ընդդիմությանը շատ հարգում եմ, բայց պետք է ասեմ, որ սա բացառիկ դեպքերից է, երբ ընդդիմությունը սխալվում է: 

Նախորդ հոդվածը‘Էդքան ջահել, բայց արդեն բաբուխանյան ու դեռ փուչիկ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռադայի առաջատար կուսակցությունները խոստանում են չձգձգել կոալիցիայի ձեւավորման գործընթացը’