‘Փոխնախարար. Հայաստանը փորձում է պահպանել որոշ ապրանքների մաքսային սակագները ՄՄ միանալուց հետո’

849

Հայաստանը փորձում է պահպանել ներմուծվող ավտոմեքենաների, ինչպես նաև «զգայուն» խմբի որոշ ապրանքների մաքսային սակագները նաև Մաքսային միությանը միանալուց հետո: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքերով, «զգայուն» խմբում են նաև պանիրը, դեղամիջոցները, յուղերը, շաքարավազը և այլ ապրանքներ, որոնք Հայաստանը ներմուծում է, չունենալով  արտադրելու ներուժ: Այդ ցանկի շուրջ, որը կազմված է 900 անուն ապրանքներից, Հայաստանը ներկայումս բանակցում է արտոնություններ ստանալու նպատակով: Այս տարվա մարտի սկզբին ցանկը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը: Այդ ապրանքների ցանկը կարող է նաև կրճատվել, հաշվի առնելով սակագնային քվոտաների կամ այլ արտոնյալ ռեժիմների կիրառումը, ասել է նա: Այն քննարկվում է նաև ԱՀԿ կողմից:

Մելքոնյանը տեղեկացրել է, որ ցանկը համաձայնեցվել է տնտեսոթյան և հասարակայնության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Նա հավելել է, որ անգամ «զգայուն» խմբի ապրանքների նկատմամբ մաքսային սակագների պահպանման դեպքում էլ դրանք չեն կարող գտնվել ազատ շրջանառության մեջ և արտոնյալ սակագներով արտահանվել Հայաստանից: Օրինակ, եթե պահպանվի Վրաստանից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներմուծման սակագինը, ապա Ռուսաստանում դրանք վաճառելու դեպքում կմաքսազերծվեն ՌԴ տարածքում գործող մաքսային սակագներով:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի մամուլի ասոեւլիսում Հայաստանի ավտոմեքենաներ ներմուծողների միության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելուց հետո Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծման արժեքը կբարձրանա 4 անգամ:

Նախորդ հոդվածը‘Հայաստան կժամանի Մաքսային միության ճարտարապետներից մեկը — «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ»-ը բաց հանդիպում է կազմակերպում ՀՊՃՀ-ի բակում’