‘Փոխոստիկանապետը չի բացառում Պերմյակովի միայնակ չգործելու հանգամանքը’

983

Հանրության մոտ թյուր կարծիք է ձեւավորվել, թե ոստիկանությունը հունվարի 12-ին Գյումրիում լավ չի աշխատել: Իսկ եթե անգամ նման բան եղել է, ապա կիրականացվի ծառայողական քննություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: «Այդ օրը մեզ համար գերխնդիր է հանդիսացել այդ ստահակի վնասազերծումը»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ դեպքի օրը որոնողական աշխատանքներին մասնակցել են նաեւ ռուս զինվորականները, ոստիկանապետի տեղակալը հայտնեց, որ նրանք լիազորություն ունեն Հայաստանի տարածքում որոշակի գործողություններ իրականացնելու՝ ռուս զինծառայողի կողմից ռազմաբազան ինքնակամ լքելու դեպքում:

Հունան Պողոսյանը իր խոսքում հավելեց նաեւ, որ ոստիկանությունը չի բացառում այն տարբերակը, որ Պերմյակովը հանցագործությունը իրականացրել է ոչ միայնակ: Չցանկանալով բացահայտել նախաքննական գաղտնիքը՝ փոխոստիկապետը չհաստակեցրեց, թե Պերմյակովը այս պահի դրությամբ գործում ներգրավված է որպես կասկածյալ, թե ոչ: Նա չցանկացավ բացառել նաեւ այն տարբերակը, որ հանցագործությունը իրականացվել է մեկ ուրիշի կողմից:

Խոսելով գործի քննության մասին՝ Հունան Պողոսյանը մանրամասնեց, թե ռուս պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ օբյեկտիվ կլինի, եթե Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած հանցագործության քննությունը իրականացնի կամ հայկական կողմը, կամ համատեղ խումբը: 

Նախորդ հոդվածը‘Արծրուն Հովհհանիսյան. Ի՞նչ ճակատագիր են ունեցել Ադրբեջանի ԶՈՒ 15 զինծառայողները’
Հաջորդ հոդվածը‘Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը ‘