‘Փողոցային մարտիկներ. Ուկրաինայի կառավարությունը ջարդարարների գաղտնի բանա՞կ է պահում’

838

Ուկրաինական քաղաքներում երիտասարդների խմբեր են շրջում, որոնց անվանում են «տիտուշկաներ»: Նրանք «համազգեստ» են կրում՝ գործած սաղավարտներ (բալակլավաներ) և Adidas սպորտային տաբատներ, զինված են բեյսբոլի կամ այլ մահակներով: Ըստ լուրերի՝ նրանք վարձատրվում են ուկրաինական կառավարության կողմից՝ ցուցարարներին վախեցնելու և ծեծելու համար, հաղորդում են Foreign Policy-ի թղթակիցներ Հարիեթ Սալեմը և Գրեհեմ Սթեքը: Երբեմն նրանք հանդես են գալիս որպես սադրիչներ՝ ներկայանալով որպես ցուցարարներ, որպեսզի արդարացնեն ոստիկանության դաժանությունները: «Տիտուշկաների» ստույգ թիվը հայտնի չէ, ուկրաինական մամուլի տվյալներով՝ այն կարող է հասնել 20 հազարի:

«Տիտուշկա» անվանումը վերջերս է ի հայտ եկել, դա լեզվաբանական «տուրք» է Վադիմ Տիտուշկոյին՝ մի «մարզիկի», որը 2013 թ. մայիսին դատապարտվել է երկու լրագրողների ծեծի ենթարկելու համար: «Դատարանում պարզվել էր, որ հարձակման պահին Տիտուշկոն գաղտնի վարձատրվում էր կառավարամետ հանրահավաքը պաշտպանելու համար: Նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, իսկ պետությունը մնաց անպատիժ»,- գրում են հոդվածի հեղինակները:

 Զանազան կեղտոտ գործեր կատարելու նպատակով Տիտուշկոյի նման մարզիկներին վարձելը հին ավանդույթ է հետսովետական տարածքում:

Սկզբում «տիտուշկաները» Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության «անձնական գվարդիան» և վճարովի կողմնակիցներն էին: Երիտասարդներին հավաքագրում էին երկրի արևելյան շրջանների մարզական ակումբներից և ավտոբուսներով բերում էին Կիև՝ կառավարամետ հանրահավաքների զանգվածայնությունն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով: Ըստ լուրերի՝ նրանց վճարում էին օրական 150-200 գրիվեն (17-23 դոլար): Երբ իրավիճակը սրվեց, «տիտուշկաները» վերածվեցին պետության կողմից ֆինանսավորվող փողոցային զորախմբերի՝ իրավապահ համակարգի ոչ պաշտոնական «չորրորդ շարասյան»:

Երկրի բարձրագույն իշխանությունները հերքում է «տիտուշկաների» հետ իրենց առնչությունները, սակայն ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ փողոցային մարտիկները ոչ միայն հովանավորվում են կառավարության կողմից, այլև  չափազանց կարզմակերպված ուժ են: «Շատ շարքային «տիտուշկաներ» պարզապես բանդիտներ ու թափթփուկներ են, որոնց հավաքել են փողոցից,- լրագրողներին պատմել է ոստիկանության նախկին սպան, որ չի ցանկացել հրապարակել անունը:- Բայց այնտեղ նաև ավելի սարսափելիները կան՝ նախկին մարզիկներ և հատուկ ջոկատայիններ»:

Լրագրողներին հաջողվել է թափանցել նախագահի աշխատակազմի շենքի հարևանությամբ գտնվող և լավ պաշտպանվող Մարիինսկյան պուրակ, որտեղ, ըստ լուրերի, «տիտուշկաների» ճամբարն է տեղակայված: «Մենք սովորական մարդիկ ենք, այս պուրակն ու հուշարձաններն ենք պահպանում ահաբեկիչներից ու ծայրահեղականներից»,- ասել են երկու երիտասարդներ, ովքեր խոստովանել են, որ իրենք «տիտուշկա» են:

27-ամյա բռնցքամարտիկ Միշան նույնիսկ համաձայնել է լրագրողներին ցույց տալ իրենց ճամբարը: «Ես երբեք ուժ չեմ կիրառի խաղաղ ցուցարարների դեմ, միայն ծայրահեղականների,-հավաստիացրել է նա:- Ես Յանուկովիչի և Ռեգիոնների կուսակցության կողմնակից եմ, դրա համար էլ այստեղ եմ»: Միշայի խոսքով, բացի իրենից՝ ևս 15 բռնցքամարտիկներ են Կիև եկել Խարկովի բռնցքամարտի ակումբից:

Ըստ Inepressa.ru-ի

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Հայաստանը որբի գլուխ չի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’