Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ներկայությունն Ուկրաինայի ԱԷԿ-ում ոչ մի կերպ չի կանխի միջուկային աղետը, ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան՝ մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի՝ կայաններում ներկա լինելու մտադրությունը։
«ՄԱԳԱՏԷ-ն հրետանու, օդուժի կամ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կողմից ատոմակայաններին հարվածելու դեպքում միջուկային աղետը կանխելու ո՛չ կանոնադրական, ո՛չ տեխնոլոգիական և ո՛չ էլ այլ հնարավորությունների չի տիրապետում։ Ուստի այդ տեսակետից ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ներկայությունը բոլոր ատոմակայաններում քիչ արդյունավետ է և, ըստ էության, ավելի շատ քաղաքական շարժառիթ ունի»,- ասել է նա։
Կարչաայի խոսքով՝ շատ ավելի կարևոր է ատոմային օբյեկտներում կիսվող նյութերի վերահսկողության և հաշվարկի խնդիրը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս միջազգային հանրությանը զգուշացրել է, այսպես կոչված՝ կեղտոտ ատոմային ռումբերի կիրառման սպառնալիքի մասին։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հունվարի 16-ին տեղեկացրել է, որ գործակալությունը ընդլայնում է ներկայությունն Ուկրաինայում՝ «ընթացիկ հակամարտության ժամանակ միջուկային աղետը կանխելու նպատակով»։
Փոխանցում է tass.ru-ն։