‘ Փորձագետ. Ադրբեջանցիները մեծ աշխատանք են կատարել, և դա դպրոցական հաքերների ձեռքի գործ չէ’

756

Ադրբեջանի կողմից փետրվարի 26-ին իրականացված հաքերային հարձակումը պլանային էր: Ամեն տարի հենց այդ օրը ադրբեջանցի հաքերները հայկական կայքերը կոտրելու փորձեր են ձեռնարկում: Իսկ վերջին գրոհի առանձնահատկություն այն է, որ հաջողվել էր մի քանի հայկական կայք շարքից հանել` առանց կոտրելու: Այդ մասին փետրվարի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարել է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը` մեկնաբանելով նախօրեին Ադրբեջանի կողմից միանգամից հայկական 300 կայքերի նկատմամբ իրականացված գրոհը: Ընդ որում մասնագետը չի բացառել նման գրոհների կրկնման հնարավորությունը մինչև փետրվարի 28-ը: Մարտիրոսյանը հիշեցրել է, որ անցած գիշեր կոտրվել էր նաև մի քանի կայք, ինչի արդյունքում օգտատերերը հայտնվում էին Բաքվի կայքում, որտեղ զետեղվասծ է Խոջալուի վերաբերյալ հակահայկական քարոզչություն: Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ ադրբեջանցիները հայկական կայքերը փչացնելու առումով բավականին հաջողված գործ են արել, իսկ մենք այսօր խնդիր ունենք, և դա ազգային մակարդակի խնդիր է: «Ադրբեջանցիները .am տիրույթի անվան հետ են խաղում` սպառնալով կայքերի անվտանությանը»,- ասել է մասնագետը, ափսոսանքով նշելով, որ մեր հասարակությունը լավ չի ընկալում այս խնդիրը, որը նաեւ օգտատերերի խնդիրն է: Նրա խոսքով, ադրբեջանցիները մեծ աշխատանք են կատարել, և դա դպրոցական հաքերների ձեռքի գործ չէ:

 

Նախորդ հոդվածը‘Յացենյուկը Ուկրաինայի նոր վարչապետ’
Հաջորդ հոդվածը‘Ա. Մանուկյան. Սպանությունների բացահայտված չլինելը չի խանգարում փոխհատուցմանը’