‘Փորձագետ. Դողու Փերինչեկին արդարացնող վճռով ՄԻԵԴ-ը հրաժարվել է ճանաչել Ցեղասպանության փաստը’

820

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկին արդարացնող դատավճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարնն, ըստ էության, հրաժարվել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: iLur.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների փորձագետ Արուսյակ Ջուլհակյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին կայացրած վճռով ՄԻԵԴ-ը սխալ է ճանաչել շվեյցարական դատարանի` 2007-ին կայացրած վճիռը, որով Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեկը քրեական պատասխանատվության էր ենթարվել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու եւ հայերի նկատմամբ ատելություն սերմանելու համար: ՄԻԵԴ-ն իր վճռում հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը հռչակում է կարծիք արտահայտելու ազատությունը:   

Թուրքիայի կառավարությունը Փերինչեկի գործով հանդես է եկել որպես երրորդ անձ` ներկայացնելով իր մեկնաբանությունները: Հայկական կողմից դատավարության ընթացքում ներկայացուցիչներ չեն եղել: 

«Ըստ էության, իրավական տեսանկյունից, դատարանի  վճիռը հասկանալի է` ՄԻԵԿ-ի դրույթներին համապատասխան: Բայց իմ կարծիքով, շատ լուրջ քաղաքական աստառ կա այստեղ։ Ըստ էության` ՄԻԵԴ-ը, զգուշավոր քաղաքականություն ցուցաբերելով, չի ոզեցել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը», — նշեց փորձագետը:

Նա նկատեց, որ դատարանի վճռում Մեծ եղեռնը որպես պատմական փաստ չի ճանաչում` համարելով, որ այդ հարցի շուրջ կոնսենսուս չկա: Դատարանի անդամները նշել են այն փաստը, որ Ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի մոտ 190 երկրից մոտ 20-ը, Եվրախորհրդի անդամ 47 պետությունից` 14-ը։ Համեմատություններ անելով հրեաների ցեղասպանության` Հոլոքոստի հետ, Եվրադատարանն իր վճռում նշել է, որ ի տարբերություն Մեծ Եղեռնի, Հոլոքոստի դեպքում միջազգային դատարանի վճիռ կա:

Արուսյակ Ջուլհակյանը նշում է, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացումն ընդհանրապես վիճելի հարց է: Այն, որ մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը պետք է զսպել որոշակի սանկցիաների միջոցով, ըստ փորձագետի, կասկածից վեր է, սակայն մասնագետները քննարկում են հենց քրեական պատժի նպատակահարմարությունը նման դեպքերում:

Ամեն դեպքում, Ջուլհակյանի խոսքով, հրեաների ցեղասպանության ժխտմանը վերաբերող գանգատները ՄԻԵԴ-ն անգամ վարույթ չի ընդունում` համարելով, որ  Հոլոքոստը ժխտողներին պատժելը չի խախտում ՄԻԵԿ 10-րդ հոդվածով սահմանված իրավունքը, քանի որ Հոլոքոստի հերքումը կարող է վիրավորել զոհերի արժանապատվությունը:

«Սրանով նրանք ուղղակի Հոլոքոստը ճանաչում են որպես պատմական փաստ, իսկ Մեծ Եղեռնը խուսափում են ցեղասպանություն որակելուց», — նշում է փորձագետը:

Այժմ կողմերը` Շվեյցարիան եւ Դողու Փերինչեկը կարող են երեք ամսվա ընթացքում պահանջել, որպեսզի գործը լսվի Մարդու իրավունքների դատարանի Մեծ պալատում։ Որպեսզի Շվեյցարիան դիմի, անհրաժեշտ է նաեւ հայկական լոբբիի աշխատանքն այդ ուղղությամբ։ Հակառակ դեպքում 3 ամսից հետո վճիռը կմտնի օրինական ուժի մեջ։

 

Նախորդ հոդվածը‘Անորոշ ժամկետով, առանց ձայնի իրավունքի դիտորդ ՀՀ. Գազի պայմանագրի ամբողջական տեքստը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը ցանկանում է վերականգնել Սեւանի ձկան պաշարը, բայց ոչ ի հաշիվ ՀԷԿ-երի’