‘Փորձագետ. Թուրքիային դժվար կլինի փակ պահել Մաքսային միության անդամ-երկրների հետ սահմանը’

620

Թուրքիայի համար դժվար կլինի փակ պահել Հայաստանի հետ սահմանը` նրա Մաքսային միության անդամ դառնալուց հետո: Այս մասին երեկ կայացած քննարկումների ընթացքում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքերով, ՄՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո հայ-թուրքական սահմանը կփոխի իր կարգավիճակը: «Դա արդեն կլինի սահման`Թուրքիայի և Մաքսային միության միջև, և իմ կարծիքով, կստեղծվի շատ բարդ իրավիճակ: Անկարայի համար դժվար կլինի փակ պահել Մաքսային միության հետ սահմանը»,-գտնում է փորձագետը:

Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլու Երևան կատարած այցը, Մելքոնյանն ընդգծել է, որ այդ այցը տեղավորվում է Անկարայի իմիտացիոն քաղաքականության շրջանակներում: «Իրականում չցանկանալով նորմալացնել հարաբերությունները Երևանի հետ, Անկարան, միևնույն ժամանակ, մեղմեց իր ռիտորիկան, և դա հստակ արտահայտվեց Դավոթողլու մամուլի ասուլիսում, որը նախօրեին կազմակերպվել էր թուրքական ԶԼՄ-ների համար, որտեղ թուրք նախարարը Հայոց ցեղասպանությունն անվանեց «ողբերգական դեպքեր», «տեղահանում», «անմարդկային ակտ» բառերով: Դավութօղլուն նաև Հայաստանը հայտարարեց որպես  պոտենցիալ բարեկամական երկիր: Հռետորաբանության նման մեղմումը բացատրվում է ղարաբաղյան կարգավորմանը միջամտելու Թուրքիայի փորձերով: Այստեղից էլ, ըստ էության, բխում են թուրքական դիվանագիտության ղեկավարի բազմաթիվ ադրբեջանամետ հայտարարությունները»,-նշել է Մելքոնյանը: 

Նախորդ հոդվածը‘Ընդդիմադիր Կլիչկոն դադարեցնում է մարզական կարիերան’
Հաջորդ հոդվածը‘Ժիրայր Սեֆիլյան. Մոսկվան մտադիր է վերջնականապես գաղութացնել Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը’