‘Փորձագետ. Հայաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ ձևավորելու՝ Պուտինի մտադրությունը հատկապես հետաքրքիր է նրա Երևան կատարելիք այցի ֆոնին’

975

Հայաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ ձևավորելու ՌԴ նախագահ Պուտինի մտադրությունը հատկապես հետաքրքիր է թվում նրա` դեկտեմբերի սկզբին Երևան կատարելիք այցի ֆոնին: ԱրմԻնֆոյին նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ամրապնդել Բելառուսի հետ ՀՕՊ միասնական համակարգը և ձեռնամուխ լինել Հայաստանի և Ղազախստանի հետ նման համակարգերի ձևավորմանը: Մոսկվայի ծրագրերը, նրա ասելով, ներառում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի մասնակցությամբ տարածաշրջանային զորախմբավորումների ստեղծում: «Մասնավորապես, հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումների և ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող քննարկումների արդյունքները: Խոսքը վերաբերում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի հետ որակապես նոր փոխգործակցությանն ու ՌԱՀ համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հենց այդ բաղադրիչը կդառնա Երևանում քննարկվելիք հիմնական թեմաներից մեկը: Ինչ վերաբերում է անմիջականորեն միասնական ՀՕՊ զարգացմանը, ապա այդ թեման ՌԴ և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից բավականին վաղուց է քննարկվել և Հայաստանի պարագայում, կարելի է ասել, լիովին իրագործվել է», — ընդգծել է Մինասյանը: Նրա կարծիքով, Մաքսային միության մաս դառնալու Հայաստանի մտադրությունն, անշուշտ, ենթադրում է համագործակցության զարգացում պաշտպանության ոլորտում: Մասնավորապես, նոր ՀՕՊ համակարգերի մատակարարման և Հայաստանում արդեն գործող ՀՕՊ համակարգերի արդիականացման գծով փոխգործակցության նոր ձևաչափերի առկայություն: Մինասյանը համոզված է, որ ՀՕՊ միասնական համակարգի ձևավորումն առավել վստահելի «հովանոց» կապահովի ոչ միայն Հայաստանի, այլև ԼՂՀ համար, ինչն իր հերթին ավելի կմեծացնի ադրբեջանական նոր ագրեսիայից Արցախի պաշտպանության հուսալիությունը:

Հայաստանում ռուսական ռազմակայանը ձևավորվել է 1994 թվականի սեպտեմբերի 1-ին: 2011 թվականին մարտական հերթապահություն է ստանձնել ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգում` ներառվելով ՌԴ և Հայաստանի ԶՈՒ միավորված զորախմբավորման կազմում: 102-րդ ռազմակայանն անհապաղ կիրառման մշտական պատրաստության միավորում է, քանի որ դրա կազմում ընդգրկված են 13 հիմնական մարտական ստորաբաժանումներ և 17 համակողմանի ապահովման ստորաբաժանումներ: Ռուսական ռազմակայանի սպառազինությունը ներառում է զենիթահրթիռային դիվիզիոն, որը զինված է «Ս-300Բ» ԶՀՀ, զենիթահրթիռային դիվիզիոն, որը զինված է «ԲՈՒԿ-Մ1-2» ԶՀՀ-ով, «Սմերչ» ռեակտիվ հրետանային գումարտակ և ավիացիոն բազա` ՄիԳ-29 մարտական ինքնաթիռներով: Ուժերի և միջոցների ողջ այդ ծավալը տեղակայված է երկու կայազորների երկու տասնյակ զինվորական ավաններում:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը պետք է ինքնահրկիզվի. Զուրաբյան’
Հաջորդ հոդվածը‘Բարեգործ Լֆիկը’