‘
Չնայած այն հանգամանքին, որ ՀԱԷԿ նոր էներգաբլոկի կառուցման գաղափարին հրաժեշտ չեն տվել, քանի որ նախագծից հրաժարվելու մասին պաշտոնապես չի հայտարարվել, դրա կառուցման հնարավորությունները նվազագույն են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ջորջթաունի համալսարանի (Վաշինգտոն) ֆուլբրայթ-հետազոտող Սևակ Սարուխանյանը:
Մեծամորի ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1980 թվականին և կանգնեցվել է 1989 թվականի մարտին: ՀԱԷԿ-ը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին: Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական արտադրության ВВЭР-440 առաջին սերնդի ռեակտորներով: Առաջին էներգաբլոկն այժմ կանգնեցված է, իսկ երկրորդի շահագործման ռեսուրսն ավարտվում է 2016 թվականին:
«Պատճառները զուտ շուկայական են. չկա ներդրող, չկա սպառման շուկա: Նախագծվող կայանը 2,5 անգամ ավելի հզոր կլինի` քան գործողը: Այդ դեպքում որտե՟ղ պետք է սպառվի ավելորդ և ոչ էժան էլեկտրաէներգիան, որն այն արտադրելու է: Սպառման շուկա չկա: Վրաստանին այն հարկավոր չէ, Իրանը 1 կվտ/ժ դիմաց 15 ցենտ չի վճարի: Թուրքիայի հետ մեր սահմանն առայժմ փակ է և, նույնիսկ, եթե բացվի, ապա ես չեմ տեսնում տնտեսական պատճառներ, որպեսզի թուրքերը մի քանի տասնյակ միլիոն ներդնեն սեփական տարածքում «էլեկտրաէներգետիկ կղզի» ստեղծելու համար, որը «պարփակվի» հայկական նոր ԱԷԿ-ով», — համոզված է փորձագետը:
Սարուխանյանը նշել է, որ Հայաստանն, անշուշտ, կարող է ինքը սպառել նոր ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան, բայց այդ դեպքում կպահանջվի ինչ-որ տեղ սպառել գոյություն ունեցող կայանների` ՋԷԿ և մեծ ու փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան:
«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ նոր կայանը, եթե այն կառուցվի, պետք է սահմանափակվի 600-650 Մվտ հզորությամբ, սակայն Ռուսաստանում նման ռեակտորներ չեն կառուցվում: Իսկ ֆրանսիական ռեակտորի կառուցումը Հայաստանում Ռուսաստանը հազիվ թե ֆինանսավորի` որպես միակ կողմ, որը կարող է քաղաքական պատճառներով շահագրգռվածություն հայտնել մեզ մոտ նոր կայանի առնչությամբ», — ամփոփել է փորձագետը:
Փետրվարին Մոսկվան և Երևանը ստորագրել են համաձայնագիր Հայաստանի կառավարությանը 300 միլիոնի վարկ տրամադրելու շուրջ` ՀԱԷԿ շահագործման ժամկերը 15 տարով երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:
‘