‘Փորձագետ. Սևանից ջրի բացթողումները մինչև 270 մլն խմ ավելացնելու որոշումը մութ գործարք է’

825

Սևանից ջրի բացթողումները մինչև 270 մլն խմ ավելացնելու որոշումը մութ գործարք է, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, ըստ որի` Սևանից բացթողումների առավելագույն ծավալը պետք է ավելացվեր 170 մլն խմ-ից մինչև 240 մլն խմ` մեկ տարի ժամկետով:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է «ԷկոԼուրի» ղեկավար Ինգա Զառաֆյանը, վերջերս էկոլոգներին հայտնի է դարձել, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը խորհրդարան է ներկայացրել նոր հիմնավորում, որում խոսվել է բացթողումների առավելագույն ծավալը մինչև 270 մլն խմ ավելացնելու մասին: Այս ճշտմամբ էլ, ինչպես նշվել է, խորհրդարանի կողմից հաստատվել են օրենքում փոփոխությունները: Այսպիսով, որոշման կայացման գործընթացը թափանցիկ չի եղել, քանի որ հասարակայնությունը նույնիսկ իրազեկված չի եղել բացթողումները մինչև 270 մլն խմ ավելացնելու ծրագրերի մասին:

Հակոբ Սանասարյանի կարծիքով, այս իրավիճակը վկայում է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը թույլ չտալու որոշակի անձանց ցանկության մասին` իրենց բիզնես շահերը պաշտպանելու նպատակով: Փորձագետի խոսքով, լճից բացթողումներ ոռոգման նպատակներով սովորաբար իրականացվում են հունիսի

11-20-ը: Սանասարյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարին, բացառությամբ վերջին 10-15 շոգ օրերի, չի կարելի երաշտային անվանել: Մինչդեռ արդեն հունիսի կեսին Սևանից բացթողումների ծավալը կազմել է ավելի քան 140 մլն խմ: «Դա ցույց է տալիս լճի ջրի մակարդակի բարձրացման գործընթացը կանգնեցնելու պաշտոնատար անձանց շահագրգռվածությունը»,- հայտարարել է նա: 

Նման քաղաքականությունը, նրա կարծիքով, կդանդաղեցնի Սևանի ինքնամաքրման գործընթացը և կարող է բացասաբար անդրադառնալ լճի ձկնաշխարհի վրա:

Նախորդ հոդվածը‘Ուրալում ՃՏՊ հետևանքով տուժած Արսեն և Արմեն Թովմասյաններին վերակենդանացման բաժանմունքից պալատ են տեղափոխել ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերությունն աճել է… զրո տոկոսով. «168 ժամ»’