‘Փորձագետ. Վրաստանի կարմրուկը հասել է Հայաստան Օդեսայից’

1665

Վրաստանում մոլեգնած կարմրուկի դեպքերը հասել են Հայաստան: Կարմրուկի բերովի արդեն երեք դեպք ունենք, որոնք լաբորատոր քննությամբ հաստատվել են, հայտնում է Aravot.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկուսը երեխաներ են՝ 3 եւ 5 տարեկան, որոնք Վրաստանից հյուրընկալվել են Հայաստանում, մեկ մարդ էլ Հայաստանի բնակիչ է՝ 28 տարեկան, որը կարմրուկով վարակվել է Օդեսայում սեմինարի վրացի մասնակցի հետ շփվելու հետեւանքով: Հիվանդությունը դրսեւորվել է Հայաստանում:

Այս մասին զրույցում ասաց առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Ըստ տիկին Սահակյանի՝ նույն սեմինարին մասնակցել են ևս յոթ հայաստանցի, որոնց մոտ, սակայն, կարմրուկի ախտանիշներ ի հայտ չեն եկել, ոչ էլ լաբորատոր հետազոտությամբ է հիվանդությունը հաստատվել:

Գայանե Սահակյանը վստահեցրեց, որ տեղական տարածում չունենք.

«Եթե բերված դեպքերից 21 օր անցնում է, եւ Հայաստանի բնակչության շրջանում տարածում չի լինում, ուրեմն տեղական տարածում չկա»: Հայաստանի սահմանային կետերում այս օրերին հակահամաճարակային միջոցառումներ են իրականացնում:

Գայանե Սահակյանի խոսքերով՝ եթե մարդը վարակված է կարմրուկով, ապա դրա ախտանիշները հնարավոր չէ միանգամից հայտնաբերել. «Նախ հարցնում ենք մարդկանց ախտանիշների մասին, ապա խորհուրդ ենք տալիս, որ եթե թուլություն, ցան կամ այլ նշաններ են նկատում, դիմեն տեղամասային բուժհիմնարկներ»:

Եթե մարդը պատվաստված է կամ մեկ անգամ արդեն հիվանդացել է կարմրուկով, ապա նա, ըստ տիկին Սահակյանի, արդեն ունի կայուն իմունիտետ այս հիվանդության նկատմամբ: Կարմրուկը օդակաթիլային ինֆեկցիա է եւ, ինչպես մասնագետն է վստահեցնում, 99 տոկոսով վարակիչ է, հատկապես՝ եթե մարդը չունի իմունիտետ:

Այն հարցին, թե Վրաստան մեկնել ցանկացողները դիմո՞ւմ են պատվաստվելու, Գ. Սահակյանն ասաց, որ մինչեւ 30 տարեկանները զանգվածային պատվաստումների մեջ են ընդգրկվել եւ պատվաստվել են, սակայն առողջապահության նախարարի հրամանով վերջերս որոշվել է, որ բոլոր ցանկացողները կարող են տեղամասային պոլիկլինիկաներում պատվաստվել: Սակայն թե Վրաստան մեկնելու կամ պրոֆիլակտիկայի համար մինչ օրս քանի՞ մարդ է ինքնակամ դիմել կարմրուկի դեմ պատվաստվելու, տիկին Սահակյանն ասաց, որ տվյալներն ամփոփելու են ամսվա վերջին: 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Նախորդ հոդվածը‘«Անտիօֆշոր» նախաձեռնությունը պահանջում է Տիգրան Սարգսյանի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Մերձավոր Արևելքի ամենամեծ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան’