‘Փորձած թանն ու անփորձ մածունը. մամուլ. Մամուլ’

1241

«Այս օրերին մեզանում շարունակ լսվում են վրդովմունքի բացականչություններ՝ այս կամ այն գերտերության կողմից մեր ընտրությունների արդյունքները ճանաչելու և Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձների տարափի կապակցությամբ: Ի վերջո, ինչո՞ւ է շտապում միջազգային հանրությունը, և ի՞նչն է նրան դրդում ընտրական փաստաթղթերի թանաքը չչորացած, արդյունքների վիճարկման օրինական ժամկետները չլրացած՝ շնորհավորել մի նախագահի, որի ժողովուրդը բողոքի ակցիաներ է անում և չի ճանաչում իր աչքի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն աշխարհի համար կանխատեսելի նախագահ է՝ 5 տարի նրա հետ հարաբերվելու ընթացքում միջազգային հանրությունը համոզվել է, որ նա իրենց նախանշած ուղուց չի շեղվի՝ կանի այն, ինչ կասեն:

Իսկ այ, Րաֆֆի Հովհաննիսյանն այն «անփորձ մածունն» է, որի վրա հույս դնել հնարավոր չէ: Եվ սրա պատճառը միայն այն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գործ չեն ունեցել և չգիտեն, թե նա ինչի է ընդունակ: Սրա պատճառներից գլխավորը պետք է փնտրել հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի մեջ: Այն ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որ նա պատրաստվում է վարել նախագահ դառնալուց հետո և հատկապես Լեռնային Ղարաբաղը ճանաչելու դրույթը բավական են, որպեսզի «Ժառանգության» լիդերը, ԱՄՆ-ի նախկին քաղաքացին, մեզանում արևմտամետի համարում ունեցող քաղաքական գործիչն անցանկալի ճանաչվի այդ նույն Արևմուտքի համար: ԼՂՀ-ն Հայաստանի կողմից ճանաչելու մասին ծրագրային թեզը, որ նա տարիներ շարունակ անկոտրում առաջ է տանում, հենց այն խութն է, որը հառնել է իր նախագահ դառնալու ճանապարհին»,- գրում է «Հրապարակը» այսօրվա խմբագրականում:

Նախորդ հոդվածը‘«Կինոշնիկ բանդայի» դիրիժորը ոստիկանությունն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հյուրանոցում տեղ չտալ, փակել զուգարանները. Մամուլ’