‘«Փուչիկների» գործով դատապարտյալի վիրահատության համար հիմա էլ 600 հազար դրամ են ուզում’

639

«Փուչիկների» գործով դատապարտյալ Սերոբ Բոզոյանին դեռ չեն վիրահատել: Բժիշկները հայտարարել են, որ Բոզոյանի առողջական վիճակը վատթարացել է և նրան այժմ ավելի բարդ վիրահատություն է պետք, հետևաբար և ավելի շատ գումար: Այս մասին PanARMENIAN.Netի թղթակցի հետ զրույցում ասել է Սերոբ Բոզոյանի փաստաբանը՝ Կարեն Մանուչարյանը: «Առավոտյան զրուցել եմ պարոն Բոզոյանի կնոջ հետ, ասաց, որ բժիշկները վիրահատելու համար մոտ 600 հազար դրամ եմ պահանջում»:

Կարեն Մանուչարյանն ասել է նաև, որ բժիշկները մի բան են ասում Բոզոյանի ընտանիքի անդամներին, մեկ այլ բան՝ լրագրողներին.«Լրագրողներին ասում են, որ լրացուցիչ գումար չեն ուզում, հետո ասում են վիրահատություն պետք չի, մի խոսքով, փաստն այն է, որ Բոզոյանին դեռ չեն վիրահատել»:

Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ այս տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով միակ մեղադրյալն էր: Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 1 տարվա ազատազրկման:

Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոխվել է և նոյեմբերի 17-ին դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, սակայն մինչ այդ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ-ի

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Համլետ Կիրակոսյան. Հանրապետականները խռովկան են դարձել ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ’