‘«Փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանի նկատմամբ վճիռը փոխվեց’

694

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքը բավարարվեց։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ՝ Ս.Բոզոյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը՝ մեկ տարի ազատազրկումը փոխարինեց 1 տարի պայմանական ազատազրկմամբ, հայտնում է Փաստինֆոն:

Սերոբ Բոզոյանը վերաքննիչ բողոքում միջնորդել էր մասնակիորեն բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով (գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով, այսինքն՝ ամբաստանյալը լիովին ընդունել է մեղադրանքը և դրա հիմքում ընկած ապացույցները, ուստի կարող է բողոքարկվել միայն պատժաչափի մասով): Նա դատարանին խնդրել էր իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կամ ազատազրկում նշանակելու դեպքում՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ի դատավճռով Սերոբ Բոզոյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով` 2 տարի ժամկետով զրկելով նրան կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից:

Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը՝ Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական միջոցառման ժամանակ 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ գազալցված փուչիկների բռնկվելու ու պայթելու հետևանքով:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Օլիվյե Ժիրու. Ես Վան Պերսիից լավ եմ սկսել’