‘Փոփոխություններ, որոնք առաջարկում է Կոնգրեսը ‘

707

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով ընտրական բարեփոխումների փաթեթը, որոնք Կոնգրեսը ներկայացրել է ԱԺ-ին, հայտարարեց, որ այդ փոփոխությունները մի քանի առանցքային կետերից են բաղկացած: Մասնավորապես, Զուրաբյանը նշեց, որ կարեւոր առաջարկներից մեկը վերաբերում է ԱԺ ձեւավորած մեծամասնական կոռումպացված համակարգը վերացնելուն: Նա նշեց, որ այդ գաղափարը վաղուց կար, եւ դրա շուրջ անգամ կայացավ համագործակցություն` ՀՅԴ-ի, Ժառանգության եւ ԲՀԿ-ի հետ: Զուրաբյանը հավելեց նաեւ, որ ինքն այն կարծիքին է, որ այդ հարցում լայն կոնսենսուս կլինի: 

Մյուս կարեւոր առաջարկը վերաբերում է քվեարկության ամբողջ գործընթացը տեսանկարելուն` առավոտից մինչեւ հաշվարկի ավարտ, եւ տեղամասի ներսում, եւ տեղամասից դուրս: Կոնգրեսի առաջարկով, այդ տեսանկարահանած նյութերը առաջին իսկ պահանջով պետք է տրվեն վստահված անձանց եւ դառնան ընտրական փաստաթուղթ:
Բազմակի քվեարկության վերացման համար Կոնգրեսը առաջարկում է կիրառել մատների թանաքոտումը, որը արվում է աշխարհի տարբեր երկրներում, եւ որը չի նվաստացնում քաղաքացիների արժանապատվությունը, ինչպես որ դա փորձում են ներկայացնել հանրապետականները:
Կոնգրեսն առաջարկում է նաեւ տարանջատել բնակիչների եւ ընտրողների ռեգիստրը, որոնք համընկնում են: «Փոփոխություններ ենք առաջարկում, այդ թվում նաեւ «Ռեգիստրի մասին» օրենքում, որոնք բերելու են նրան, որ ձեւավորվելու է ընտրողների ռեգիստր, որում միայն այն մարդիկ են լինելու, որոնք 6 ամսից ավելի չեն բացակայել Հայաստանից», — հայտարարեց Զուրաբյանը:
Կոնգրեսն առաջարկում է նաեւ ընտրողների ցուցակները դարձնել մշտապես եւ ամբողջությամբ հասանելի փաստաթուղթ, որպեսզի հասարակությունը մշտապես հնարավորություն ունենա վերահսկելու այդ ցուցակները:
Առաջարկվում է նաեւ փոխել ժամկետային զինծառայողների քվեարկության ձեւը, այսինքն, որպեսզի զինվորները քվեարկեն ոչ թե ըստ ծառայության վայրի, այլ` գրանցման հասցեով: Առաջարկվում է նաեւ ընտրությունների ժամանակ անվճար եթերաժամանակի ավելացման հաշվին ավելի մատչելի դարձնել հեռուստաեթերը:

Նախորդ հոդվածը‘Կուբացիներն ազատ ելք կունենան արտասահման ‘
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպան. Չկա «մշտապես բնակվող» հասկացողության իրավաբանական ձևակերպումը ‘