‘Փոքր ՀԵԿ-երի «շնորհիվ» Տավուշի մարզի գետերը կանգնած են վերացման եզրին’

874

Փոքր ՀԷԿ-երն իսկապես որ չարիք են դարձել Հայաստանի գետային էկոհամակարգերի համար: Ս.թ. օգոստոսի 14-ին Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հերթական տեղազննումն է անցկացրել տարբեր ՓՀԷԿ-երի ջրընդունիչ կայաններում՝ այս անգամ Տավուշի մարզում: Այս մասին տեղեկանում ենք ՀԲՃ տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նաև ասվում է. Արդյունքները ցավոք նույն են, ինչ որ նախորդ բոլոր դեպքերում. այսպես կոչված էկոլոգիական թողքը հիմնականում բացակայում էր, տեղադրված չէին ջրաչափական սարքեր, որպեսզի հնարավոր լիներ պարզել թե որքան ջուր է անցնում գետով, բացակայում էին ջրի հոսքն ավտոմատ կառավարող համակարգեր, ձկնուղիներն իրենցից ներկայացնում էին անիմաստ բետոնյա կառույցներ, որոնց միջով ձկներն ուղղակի չեն կարող անցնել, իսկ հաճախ էլ դրանք ամբողջովին չոր էին:

Մեր արձանագրած բոլոր խախտումներն ու դրանք փաստող լուսանկարները ներկայացրել ենք ՀՀ բնապահպանության նախարարություն՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել հանրությանը դրանց արդյունքների վերաբերյալ.

  1. Աղստև գետի Պաղջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին ընդհանրապես չոր էր, իսկ էկոլոգիական թողքն այնքան փոքր, որ գետը գրեթե չորացել էր:
  2. Նույն գետի վրա «Քարեվարդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին նույնպես ընդհանրապես չոր էր: Ահնհար էր պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման թույլտվության պայմաններին:
  3. Աղստև գետի Գետիկ վտակի վրա «Էյէնդիջի Սթայլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Գետիկ ՓՀԷԿ-4»-ի ջրընդունիչ կայանի ձկնուղով չնայած ջուր անցնում էր, սակայն այն վերևի մասում փակված էր փայտի մեծ կտորով՝ ինչն անհնար էր դարձնում ձկների տեղաշարժը երկու ուղղություններով էլ: Այստեղ նույնպես  հնարավոր չէր պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման պայմաններին:

Մենք գտնում ենք, որ նախարարությունը պետք է շատ ավելի նախաձեռնող գտնվի և առաջարկի կառավարությանը միառժամանակ ձեռնպահ մնալ նոր ՓՀԷԿ-երի նախագծերի քննարկումից, քանի դեռ չեն գտնվել լուծումներ արդեն իսկ առաջ եկած խնդիրներին և չեն ընդունվել իսկապես էկոհամակարգային մոտեցումներ ապահովող օրենսդրական ակտեր, որոշումներ և չափորոշիչներ: Հակառակ դեպքում մենք հետագայում կբախվենք շատ ավելի լուրջ խնդիրների՝ ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական առումներով:

Մենք գտնում ենք, որ պետք է անհապաղ մշակել և ընդունել մասնագիտորեն հիմնավորված բնապահպանական նորմեր ու ինժեներա-տեխնիկական չափորոշիչներ, որից հետո նոր միայն մտածել նոր ՓՀԷԿ-երի կառուցման մասին: Իսկ բոլոր շահագործվող ՓՀԷԿ-երը պետք է իրենց գործունեությունը համապատասխանեցնեն այդ նոր նորմերին և չափորոշիչներին:

Նախորդ հոդվածը‘Հրդեհի ժամանակ քաղաքացին վայր է ընկել 8-րդ հարկից’
Հաջորդ հոդվածը‘Էդ Ռոյս. ԱՄՆ Բաքվին պետք է ստիպի դիպուկահարներին հետ քաշել շփման գծից’