‘ՓՊ. Վարույթն իրականացնող մարմինը խախտել է ՀՀ քրեադատավարական սկզբունքները’

833

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը փաստաբան Արշավիր Խալափյանի հետ կապված քրեական գործի առնչությամբ.  

Hetq.am լրատվական կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ 2014թ. օգոստոսի 2-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում ձերբակալվել է փաստաբան Արշավիր Խալափյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կաշառք ստանալը) նախատեսված արարք կատարելու մեջ:

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին:

Վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատի նախագահին անհապաղ չի տեղեկացրել փաստաբան Արշավիր Խալափյանին ձերբակալելու մասին՝ խախտելով վերոհիշյալ նորմի պահանջը։

Փաստաբանների պալատի խնդիրներից է նաև պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում։

ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում քրեական վարույթն իրականացնող մարմնին՝ փաստաբան Արշավիր Խալափյանի հետ կապված քրեական գործի վարույթն իրականացնել խստորեն պահպանելով ՀՀ քրեադատավարական սկզբունքները (մասնավորապես՝ օրինականության, հավասարությունը օրենքի առջև, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու, անձի անձեռնմխելիության, գործի արդարացի քննության և անմեղության կանխավարկածի)։

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի
մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Կռիլով. Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ կսկսվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հեռանա Հարավային Կովկասից ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում արյունալի միջադեպերի ավելացմամբ’