Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին մեկնաբանել է Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Ռուսաստանից ստացված նոտան։ Նրա խոսքը փոխանցել է РИА Новости-ն։
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Մոսկվան նոտա է ներկայացրել Վաշինգտոնին, որում նախազգուշացրել է «անկանխատեսելի հետևանքների» մասին Կիևին պաշտպանական աջակցության մատակարարումների կապակցությամբ։ Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը «չի զբաղվի ռուսաստանյան իշխանությունների դատարկ սպառնալիքներով»։
Ռուսաստանյան կողմի նոտայի մասին դրանից մի քանի օր առաջ գրել է The Washington Post թերթը։ Ըստ պարբերականի՝ նոտան ուղարկվել է Վաշինգտոնի կողմից Կիևին 800 մլն դոլար նոր օգնություն հատկացնելուց հետո։ «Մենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ ենք անում դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, ինչն անկանխատեսելի հետևանքներ է ենթադրում տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար»,- փաստաթղթից մեջբերում է արել թերթը։
Քիչ ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ Ռուսաստանը Ուկրաինային զենք մատակարարելու առիթով նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։
Փոխանցում է lenta.ru-ն։