ԱՄՆ վարչակազմը կարող է ընդամենը 250 մլն դոլար ծախսել Ուկրաինայի ռազմական օգնության համար, դա այն ամենն է, ինչ մնացել է այդ նպատակով մարտ ամսին Կոնգրեսի հատկացրած 3,5 մլրդ դոլարից, հինգշաբթի օրը ճեպազրույցում լրագրողներին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին։
Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով լրացուցիչ 33 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ անվտանգության, տնտեսության և մարդասիրական օգնության նպատակներով։ Ինչպես պարզաբանել է Սպիտակ տունը, այդ նպատակով մարտին հատկացված գումարը գրեթե լրիվ ծախսվել է, դրա համար էլ օրենսդիրներին նոր դիմում է ուղարկվել։
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ավելի վաղ զգուշացրել է, որ Ուկրաինայի ռազմականացումն ուղղակիորեն սպառնում է եվրոպական և գլոբալ անվտանգությանը։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան Կիևի ռեժիմի հովանավորներին կոչ է անում դադարեցնել արյունահեղության խրախուսումը և լրջորեն մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին։
Փոխանցում է tass.ru-ն։