‘ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունը ահաբեկչական գործողություն չէր’

603

Այսօր առավոտյան Քաբուլի կենտրոնում որոտացած պայթյունը ահաբեկչական գործողություն չի եղել, այն տեղի է ունեցել զինապահեստում, հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցչին: «Դա դժբախտ պատահար էր, այլ ոչ թե թշնամական հարձակում»,- հայտարարել է  երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Լութֆուլլա Մաշալը: Ըստ նրա՝ զինապահեստում որոտացած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Մի քանի շինություններ նյութական վնաս են կրել: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, պայթյունի վայրին մոտ են գտնվում Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային ուժերի՝ ISAF-ի կենտրոնակայանը և ԱՄՆ դեսպանատունը: Դիվանագիտական ներկայացուցչության շենքում պայթյունի հետևանքով միացել է տագնապի ազդանշանը:

Հիշեցնենք, որ նախօրեին հզոր պայթյուն էր որոտացել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պենտագոնը Կիևին կոչ է արել բանակ չհանել ցուցարարների դեմ’
Հաջորդ հոդվածը‘«Բաց երկնքի» քաղաքականության իրականացումը վերապահվել է էկոնոմիկայի նախարարությանը’