‘Քաբուլում ետ են մղել հարձակումը Քարզայի նստավայրի վրա’

636

Աֆղանստանում Քաբուլի անվտանգության ուժերը ետ են մղել հարձակումը նախագահ Համիդ Քարզայի նստավայրի վրա:  Նստավայրի  մոտ, որի մերձակայքում են տեղակայված ՄԱԿ-ի, ԿՀՎ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի գրասենյակները, առաջին կրակոցներն ու պայթյունները հնչել են վաղ առավոտյան՝ նստավայրում նախատեսված մամլո ասուլիսի մեկնարկից երկու ժամ առաջ: Քաբուլի ոստիկանապետի խոսքերով՝ «Նստավայրի դարպասներին է մոտեցել կեղծ համարանիշով մի ավտոմեքենա: Պահապանները կանգնեցրել են այն և խնդրել ցույց տալ անցաթուղթը: Մեքենայից դուրս են եկել երեք հոգի, և հենց այդ պահին մեքենան պայթել է: Պահապանները ոչնչացրել են գրոհայիններին»: Հաղորդում են, որ պայթյունի պահին արդեն նստավայրում են եղել ասուլիսի առաջին մասնակից լրագրողները, որոնցից  ոչ մեկը չի տուժել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Բացի նախագահի նստավայրից՝ նրանց երկրորդ թիրախն է դարձել պաշտպանության նախարարությունը, որտեղ մարտը շարունակվել է մեկուկես ժամ: Աֆղանական ուժերին օգնության են եկել ԿՀՎ գրասենյակը պահպանող ամերիկացի զինվորները: Անվտանգության ուժերի շարքերում զոհեր չեն եղել, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կառլո Անչելոտին դարձավ «Ռեալի», իսկ Լորան Բլանը՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու մեջ կասկածվող 20 մարդ’