‘Քաբուլում որոտացած պայթյունից զոհվել է 15 մարդ’

899

Աֆղանստանի մայրաքաղաքում որոտացած պայթյունից, վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է առնվազն 15 մարդ, հաղորդել է Քաբուլի ոստիկանությունը: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել «Լիբանանյան պանդոկ» ռեստորանի մոտ, որտեղ հաճախ են լինում արտասահմանցիներ և կառավարական պաշտոնյաներ: Պայթյունից հետո ռեստորան են ներխուժել երկու գրոհայիններ և կրակ բացել հաճախորդների վրա; Զոհերի թվում են՝ Միջազգային արժույթային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը, ՄԱԿ առաքելության աշխատակիցներ, Բրիտանիայի մի քաղաքացի, ինչպես նաև մի քանի աֆղանցիներ, այդ թվում՝ ռեստորանի սեփականատերը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները:

Հարձակման ենթարկված ռեստորանի մոտ են տեղակայված Բելգիայի, Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատները, ինչպես նաև՝ մի քանի պետական կազմակերպություններ:

Հարձակում գործած գրոհայինները սպանվել են դեպքի վայր ժամանած անվտանգության աշխատակիցների կողմից:

Այս շաբաթվա սկզբին թալիբների մի ներկայացուցիչ BBC-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել էր,  թե շարժումը վստահ է, որ միջազգային ուժերի դուրս բերումից հետո, ինչը նախատեսվում է այս տարեվերջին, իրենք հաղթելու են: Ըստ BBC-ի թղթակցի՝ ուժերի ներկայիս դասավորության պարագայում դժվար է դրան հավատալ, սակայն պետք չէ մոռանալ, որ 1996 թ. թալիբների կողմից Քաբուլի գրավումը նույնպես անսպասելի էր, և նրանք կարող են ուժեղանալ, եթե այս տարվա ապրիլին ընտրվի թույլ ու կոռումպացված նախագահ:

Նախորդ հոդվածը‘Ռիո դե Ժանեյրոյում կայծակը վնասել է Քրիստոս-Ամենափրկիչ արձանի մատը’
Հաջորդ հոդվածը‘Օմսկ քաղաքի քարտեզն աշխուժացրել է համացանցը’