‘Քաթարը՝ շրջափակման մեջ. Իրանը պարենով բեռնված հինգ օդանավ է ուղարկել’

2734

Իրանը սննդամթերքով բեռնված հինգ ինքնաթիռ է ուղարկել Քաթար, որտեղ հարևան երկրների հայտարարած բոյկոտի պատճառով սննդամթերքի անբավարարություն է զգացվում:

Անցյալ շաբաթ մի շարք արաբական երկրներ, այդ թվում՝ նաև Իրանի ամենախոշոր ընդդիմախոսը՝ Սաուդյան Արաբիան, Քաթարի հետ խզեցին դիվանագիտական հարաբերությունները՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկությունը հովանավորելու մեջ, ինչը Քաթարի իշխանությունները հերքում են:

Փակվել է Սաուդյան Արաբիայի հետ ցամաքային սահմանը, որտեղով ստացվում էր Քաթարի պարենային ներմուծման 40 %-ը:

Քաթարի քաղաքացիներին նաև հրահանգ է տրվել լքել բոյկոտին մասնակցող երկրները, սակայն Քաթարի իշխանությունները հայտարարել են, որ չեն կատարի այդ հրահանգը:

«Առայժմ Քաթար է ուղարկվել մրգերով և բանջարեղենով բեռնված հինգ օդանավ, յուրաքանչյուրում՝ մոտավորապես 90 տոննա բեռ, ևս մի ինքնաթիռ կուղարկվի այսօր»,- կիրակի օրը France-Presse-ին տված հարցազրույցում նշել է Iran Air ավիաընկերության ներկայացուցիչը:

Առայժմ հայտնի չէ՝ Իրանն այդ պարենամթերքն ուղարկել է որպես մարդասիրական օգնությո՞ւն, թե՞ դա առևտրային գործարք է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Համանախագահների հանդիպումները հայկական կողմերի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանցիներն իրենք են վառում իրենց ցանքատարածքները’