‘
Քաթարի իշխանությունները մտադիր չեն հարևան արաբական երկրների հետ դիվանագիտական հակամարտությունում նահանջել իրենց դիրքերից, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Մոհամեդ Աբդել Ռահման ալ-Թանին:
«Մենք պատրաստ չենք հանձնվելու, և մենք երբեք պատրաստ չենք լինի հրաժարվելու մեր արտաքին քաղաքականության անկախությունից»,- հայտարարել է նախարարը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է որոնել ճգնաժամի դիվանագիտական լուծում, իսկ ռազմական լուծումն անընդունելի է:
Նախարարը նաև ընդգծել է, որ Քաթարը նախկինում երբևէ չէր բախվել նման թշնամական վերաբերմունքի այլ երկրների կողմից:
Այս շաբաթվա ընթացքում ինը երկիր հայտարարեց Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ երկրի իշխանություններին մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին սատարելու և ծայրահեղական գաղափարախոսություն քարոզելու մեջ:
Հինգշաբթի հայտնի է դարձել, որ Քաթարի ԱԳՆ ղեկավարը հունիսի 9-10-ին պատրաստվում է այցելել Մոսկվա՝ բանակցելու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մինչդեռ BBC-ի դիվանագիտական թղթակից Ջեյմս Ռոբինսի կարծիքով՝ Ռուսաստանի միջամտությունը կարող է միայն ավելի բարդացնել ճգնաժամից դուրս գալու գործընթացը:
Փոխանցում է BBC-ն:
‘