‘Քաթարը նոր միապետ ունի’

696

Քաթարում իշխանափոխություն է տեղի ունեցել. միապետ ամիրա Համադ բեն Խալիֆա ալ-Տանին հրաժարվել է գահից և այն փոխանցել որդուն՝ թագաժառանգ Թամիմին: Գահից հրաժարվելու հայտարարությունը շեյխ Համադն արել է ուղիղ եթերում: Նրա խոսքերով՝ եկել  է երկրի համար պատասխանատվությունը երիտասարդների ուսերին դնելու ժամանակը:

Հեռացող միապետը 61 տարեկան է, նրա որդի Թամիմը՝ 33: Արքայազնն արդեն ունի երկու կին և վեց երեխա:

Պարսից ծոցի և առհասարակ՝ արաբական երկրներին ամենևին բնորոշ չէ իշխանության կամավոր հանձնումը: Ուշագրավ է, որ ինքը շեյխ Համադը, ժամանակին թագաժառանգ լինելով՝ անարյուն հեղաշրջում է իրականացրել և տապալել իր հորը:

Հեռացող միապետի ջանքերով Քաթարը դարձել է Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ կենտրոններից մեկը, երկրում անցկացվել են տնտեսական և սոցիալական բարեփոխումներ: Հենց շեյխ Համադն ի նախաձեռնությամբ է Մերձավոր Արևելքում ստեղծվել միջազգային «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությունը: Երեքշաբթի՝ գահից շեյխի հրաժարվելու օրը, Քաթարում հանգստյան օր է հայտարարվել, հաղորդում է euronews-ը:

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ  Միխայիլ Մարգելովի կարծիքով՝ Քաթարի ամիրան իշխանությունը փոխանցել է որդուն՝ իր երկրում «արաբական գարունից» խուսափելու համար: Մարգելովը նման «շրջահայացության նախադեպեր» է տեսնում նաև Մարոկկոյի արքա Մոհամադ VI-ի և Հորդանանի Աբդալլա II-ի գործողություններում, ովքեր «հետևելով լուսավորյալ միապետության ավանդույթներին՝  օպերատիվ կերպով ձեռնամուխ եղան բարեփոխումների ՝ չսպասելով, որ բողոքի առաջին ցույցերը վերաճեն հեղափոխությունների՝ Թունիսի կամ Լիբիայի սցենարով»: Ըստ Մարգելովի՝ հիմա  պետք է հասկանալ, թե որքանով է գահը ժառանգած երիտասարդ միապետը պատրաստ բարեփոխումներ անցկացնել: «Քաթարն այսօր հարուստ և հեղինակավոր պետություն է՝ տարածաշրջանային մեծ հավակնություններով, Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությունից շատ բան է կախված»,-  ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Միխայիլ Մարգելովը:

Նախորդ հոդվածը‘Քերին Մոսկվայից պահանջում է հանձնել Սնոուդենին’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները հետաձգվել են’