‘
Քաթարի շուրջ արտաքին քաղաքական սուր ճգնաժամի պայմաններում տարբեր սոցիալական խմբեր էմիր Թամիմ բին Համադ բին Խալիֆա Ալ Թանիին հավատարմության հայտարարություններով են հանդես գալիս, փոխանցում է РИА Новости-ն:
Քաթարի թերթերը հրապարակել են բեդուինների տեղական ցեղի մամլո հաղորդագրությունն այն մասին, որ ցեղախումբը «թարմացնում է Քաթարի զինվորականների և էմիրի նկատմամբ իր լիակատար և բացարձակ նվիրվածության մանդատը՝ ինչպես բարգավաճման, այնպես էլ դժվարությունների հարցում»: Իսկ Քաթարի գեղարվեստական ցուցահանդեսի բացմանը պատրաստվել են մեծ գրաֆիտիներ՝ «Լոյալություն և հավատարմություն՝ քեզ, Թամի՛մ» մակագրությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրին բոլոր տեսակի հաղորդակցությունները Քաթարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու համար: Այնուհետև դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջուբութին նվազեցրին իրենց դիվանագիտական ներկայությունը Քաթարում: Սենեգալը, Նիգերը և Չադը ետ կանչեցին իրենց դեսպաններին:
Երկրի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ եթե Քաթարին բոյկոտող երկրները նպատակ ունեն իշխանափախություն իրականացնել էմիրաթում, ապա դա միջամտություն է երկրի ներքին գործերին:
Փոխանցում է ria.ru-ն:
‘