‘Քաղավիացիայի վարչությունն իրավասու չէ’

1127

iLur.am-ը անդրադարձել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը` ավիափոխադրողի ունեցած պարտքերի պատճառով: «Արմավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան վստահեցրել էր, որ գումարը փոխանցված է, սակայն դեռ չի նստել հաշվին, իսկ iLur.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանն էլ ասել էր, որ փոխանցման մասին ոչ մի տեղեկություն իրենց չի հաղորդվել: Նրա խոսքով՝ նույնիսկ վճարման անդորրագիրը բավարար էր չվերթները վերսկսելու համար:

iLur.am-ը կապ հաստատեց քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ միջոցներ է ձեռնարկում քաղավիացիան՝ խնդիրը լուծելու ուղղությամբ, քանի որ արդյունքում տուժում են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց չվերթները չեղյալ են հայտարարվել:

««Զվարթնոցը» և «Արմավիան» առանձին տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք բանակցությունների մեջ են, մենք առայժմ չենք միջամտնում »,- ասաց մամլո քարտուղարը:

Պատասխանելով այն հարցին, թե բանակցությունների երկարաձգվելու դեպքում  մի՞թե դարձյալ քաղավիացիայի վարչությունը  չի  միջամտի, Նելլի Չերչինյանը պատասխանեց.

«Եթե արդյունքները բացասական լինեն, նոր միայն քաղավիացիայի վարչությունը կմիջամտի: Մինչ այդ, նրանք առանձին տնտեսվարող սուբյեկտներն են, և քաղավիացիայի վարչությունն իրավասու չէ  միջամտելու»:

Նախորդ հոդվածը‘Հայկական արտադրանքի տոնավաճառ կանցկացվի Մոսկվայում’
Հաջորդ հոդվածը‘Գեներալները շատանում են’