‘Քաղաքագետ. Այն, ինչ ասել է Գորիկ Հակոբյանը, սովորաբար ՀՀԿ ֆրակցիայի անդամներն են ասում ‘

1043

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հայտարարությունը «ընդդիմադիրների դեմ պայքարի պատրաստակամության» վերաբերյալ վկայում է այն մասին, որ իշխանություններն ավելի ու ավելի են նյարդայնանում: iLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը դեկտեմբերի 20-ին ԱԱԾ աշխատողի տոնի կապակցությամբ ունեցած ելույթում, ըստ էության՝ քաղաքական ընդդիմությանը հասցեագրված հայտարարություններ է արել՝ նշելով, որ ԱԱԾ-ն պատաստ է կանխելու «սահմանադրական կարգին ուղղված ցանկացած գործողություն»:

Երվանդ Բոզոյանի խոսքով, ընդհանրապես՝ Հայաստանում ընդունված չէ, որ ԱԱԾ ղեկավարը հրապարակային հայտարարությամբ հանդես գա, այն էլ՝ նման բովանդակության: Ըստ նրա՝ սովորաբար նման հայտարարություններ անում են ՀՀԿ ֆրակցիայի պատգամավորները կամ գործադիր իշխանության ներկայացուցիչները:

«Բայց երբ ուժային ծառայությունների, հատկապես՝ ԱԱԾ պետն է նման հայտարարություն անում, դա ցույց է տալիս իշխանության ծայրաստիճան անհանգստությունը: Կարծում եմ՝ հրահանգ կա, որ բոլորն արտահայտվեն, եւ այդ հրահանգի կոնտեքստում պետք է դիտարկել այն, որ մարդ, որը երկար ժամանակ չի խոսել, ընդհանրապես՝ ներքաղաքական հարցերի շուրջ կարծիք չի հայտնել (եւ ի պաշտոնե չպետք է հայտնի), այսօր նման հայտարարություն է անում», — նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով, այս հայտարարությամբ նաեւ հերքվում է քարոզչական այն թեզը, թե ընդդիմադիր շարժումը իշխանության համար որեւէ վտանգ չի ներկայացնում:  

«Եթե իշխանությունները համոզված լինեին, որ ընդդիմությունը պասիվ է, Գորիկ Հակոբյանը չէր խոսի Համաժողովրդական շարժման սփյոռքի կառույցների մասին: Այսինքն, նա այդպիսի վտանգ զգում է, տեսնում է: Նա հասկանում է, որ այս հանդարտությունը, որոշ մարդկանց համար գուցե՝ անորոշ վիճակը ընդամենը թվացյալ բնույթ է կրում, եւ դրանից նյարդայնանում է: Ուշագրավ է նաեւ այն, որ տարբեր տրամաչափի իշխանական գործիչներ մոտավորապես նույն տոնայնությամբ եւ նույն բառապաշարով են հանդես գալիս», — նշեց քաղաքագետը:
Բոզոյանի խոսքով՝ սովորաբար ռադիկալ հայտարարություններով հանդես է գալիս ընդդիմությունը, եւ այն, որ այժմ իշխանությունն է նման հռետորաբանություն որդեգրել, ապացուցում է, որ  իշխանության մեջ իսկապես խուճպային էլեմենտ կա:

«Որովհետեւ, եթե վերին իշխանությունները ստիպում են, որպեսզի պետական ատյանների ղեկավարները հանդես գան նման արտառոց հայտարարություններով, նշանակում է նաեւ, որ նա իրականում այդքան էլ վստահ չէ այդ մարդկանց հարցում, եւ հորդորում է, որ հրապարակավ նման գնահատականներ տան, որպեսզի հետագայում չկարողանան խառնվել ներքաղաքական խնդիրների մեջ», — եզրափակեց մեր զրուցակիցը: 

Նախորդ հոդվածը‘Աստղաբան. Կապույտ այծի տարին բարենպաստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն 2 մլն դոլարը վաճառել է 449.79 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով’