‘Քաղաքագետ. Շարժման շտաբներն ինքնաբերաբար աշխատելու են որպես նախընտրական շտաբներ ‘

1235

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ այսօր կայացած քաղխորհրդի նիստի որոշումը Համաժողովրդական շարժմանը կառուցվածքային տեսք տվեց: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:  

Նրա խոսքով՝ հանրապետության բոլոր բնակավայրերում համաժողովրդական շարժման շտաբների բացումով փորձ է արվելու կոնսոլիդացնել ամբողջ հանրությունը:

«Հայտնի է, որ Հայաստանի բնակչության շուրջ 80-90 տոկոսը դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից, բայց, ցավոք, մինչ այժմ այդ դժգոհությունը հնարավոր չէր կապիտալիզացնել այնպես, որ հանգեցներ վերջնական հաղթանակի: Մարզերում, հեռավոր գյուղերում անգամ մարդիկ կան, որոնք ուղղակի փող չունեն՝ Երեւան գալու եւ մասակցելու հանրահավաքներին: Բացի դրանից, մարզերում մթնոլորտն այն չէ, ինչպիսին Երեւանում է: Այս որոշումը նպատակ ունի ամբողջ Հայաստանը դարձնելու եռացող կաթսա», — ասաց քաղաքագետը:

Բոզոյանի խոսքով՝ կարեւոր է, որ իշխանությունն զգա արդեն ամբողջ Հայաստանից, ոչ թե միայն Ազատության հրապարակից եկող ճնշումը:

«Սա կարեւոր գործոն է, որովհետեւ այն օբյեկտիվորեն կազդի նաեւ պետական ապարատի վրա, պետական ապարատի էռոզիան կդառնա անդառնալի, եւ կարծում եմ, որ կարճ ժամանակում հանրությունն ականատես կլինի, թե այս պրոցեսներն ուր են տանելու», — նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Համաժողովրդական շարժման շտաբներն ինքնաբերաբար աշխատելու են որպես նախընտրական շտաբներ:

«Գաղտնիք չէ, որ պետական ապարատը բավականին հզոր է, եւ նրան հաղթելու համար պետք է լրջորեն նախապատրաստվել: Մարդկանց թվում է, որ եթե բնակչության 90 տոկոսը դժգոհ է, կարելի է այդ դժգոհությունը արագորեն կապիտալիզացնել մի քանի օրվա ընթացքում: Սակայն պետական ապարատի դեմ հաղթանակ տանելու համար պետք է կազմակերպված լինել այնպես, ինչպես կազմակերպված է ինքը՝ պետական ապարատը:  Այսպիսի կազմակերպվածության պարագայում է, որ քաղաքական պայքարը հաջողության կհասնի: Եւ ես համոզված եմ, որ այն միասնականությունը, որ կա հեղինակավոր քաղաքական ուժերի միջև, հնարավորություն կտա նրանց հասնել հաջողության», — եզրափակեց մեր զրուցակիցը: 

Նախորդ հոդվածը‘«Forbes». Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների լավագույն տասնյակը’
Հաջորդ հոդվածը‘Խաչատրյանական համերգ՝ նվիրված Վազգեն Սարգսյանի 55-ամյակին’