‘Քաղաքագետ. Պետք չէ թուլանալ ու հաճույք ստանալ, Սահմանադրության փոփոխությունը վտանգավոր է’

1624

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը իշխանության վերարտադրությունն է:

Թեեւ օրերս ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարել էր, թե «իշխանության վերարտադրվելու ցանկության մեջ վատ բան չկա, ընդհակառակը», սակայն, ըստ քաղաքագետի, պետք  չէ շփոթել «վերարտադրվել» հասկացությունը «վերընտրվելու» հետ:

«Եթե կան բաց, մրցակցային ու ազատ ընտրություններ, այդ դեպքում իշխանության վերարտադրվելը վերընտրվելու միջոցով նորմալ բան է՝ հասարակությունն իր քվեն տալիս է: Զարգացած դեմոկրատական երկրներում մի կուսակցությունը կարող է մի քանի անգամ վերընտրվել, ոչ մի խնդիր չկա: Խնդիրն այն է, որ մենք ազատ մրցակցային ընտրություններ չունենք, եւ բացակայության դեպքում իշխանությունների վերարտադրությունը շատ վտանգավոր բան է: Այսինքն, այդ դեպքում իշխանությունը ոչ մի պատասխանատվության զգացողություն չունի հանրության նկատմամբ: Մեր պարագայում իշխանության վերարտադրվելու հնարավորությունը շատ վտանգավոր է», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Քաղաքագետի խոսքով, թեեւ գործող Սահմանադրության դեպքում էլ ընտրությունները կեղծվում են, սակայն գործող համակարգի հիմնական առավելություններից մեկն, ըստ նրա,  այն է, որ գոնե 10 տարին մեկ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն է լինում առաջին դեմքի մակարդակով, ինչը փոփոխությունների հնարավորություն է բերում ընդհանրապես:

«Սա ամենամեծ առավելություններից մեկնէ: Իհարկե, գործող համակարգն ունի խնդիրներ: Բայց այն մարտահրավերը, որը նոր համակարգն է ստեղծելու (թեեւ դրան պառլամենտական են անվանում, բայց դա պառլամենտարիզմի հետ որեւէ կապ չունի) հիմնական խնդիրն այն է լինելու, որ գուցե 30 տարի իշխանության փոփոխություն չլինի՝ Սերժ Սարգսյանը մնա իշխանության մեջ՝ դրա բոլոր հնարավոր հետեւանքներով հանդերձ՝ լճացում,  հետընթաց եւ այլն, եւ Հայաստանը կկանգնի գոյության վտանգի առաջ», — ասաց Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի իշխանության 7 տարիների «ձեռքբերումները»:

Քաղաքագետի խոսքով, թեեւ փետրվարի 12-ից հետո Սերժ Սարգյանին հաջողվեց «ջարդել» սահմանադրափոխության գործընթացի դեմ պայքարող ընդդիմադիր Եռյակի ռեսուրսների զգալի մասը, սակայն հանրությունը դեռ կարող է համախմբվել եւ խանգարել Սարգսյանի պլանների իրագործմանը:

«Կարելի է ասել, որ մինչեւ փետրվարի 12-ը Եռյակը Սահմանադրության երաշխավորն էր: Փետրվարի 12-ից հետո, Եռյակը ջարդելուց, ԲՀԿ-ն ջարդելուց հետո սահմանադրական կարգը վտանգի առաջ է: Այնուամենայնիվ, դաշտում հիմա էլ ուժեր կան, որոնք պատրաստ են ու ցանկություն ունեն աշխատելու: Նաեւ պետք է հաշվի առնել, որ, ճիշտ է՝ ԲՀԿ-ին ջարդել են, բայց հանրության ապատիան չի անցել: Իհարկե, Սերժ Սարգսյանը հիմա մեծ ռեսուրսներ ունի այս նախագիծն առաջ տանելու, բայց, հաշվի առնելով, թե որքան մեծ վտանգ է այն իր մեջ պարունակում, հնարավոր է համախմբվել ու կասեցնել այն: Միանշանակ, պետք չէ թուլանալ ու հաճույք ստանալ, որովհետեւ սա շատ վտանգավոր գործընթաց է», — եզրափակեց մեր զրուցակիցը: 

Նախորդ հոդվածը‘Ե. Վարոսյան. Հայաստանը պատրաստ է դեռ 200 տարի էլ օրենք փոխել, բայց չպայքարել իրական փոփոխությունների համար ‘
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի գործով 3 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել’