‘Քաղաքականության քաղաքականացում. Սերժ Սարգսյանի հեռացման բանաձևը’

1487

Մարդը քաղաքական կենդանի է։

Արիստոտել

Հոդվածի համար նման վերնագիր դնել ստիպում է հայաստանյան իրականությունը։

«Մի՛ քաղաքականացրեք»,– սովորաբար հայտարարում են Սերժ Սարգսյանի մերձավորները (հաստիքային ՀՀԿ–ականներ, հաճախորդ ՕԵԿ–ականներ, արտահաստիքային «մտավորականներ» և այլք)։

Անգամ ամենաքաղաքական հարցերի շուրջ հնչում է «Մի՛ քաղաքականցրեք» ձևակերպումը։

Սերժ Սարգսյանն ու իր շրջապատն առաջարկում են չքաղաքականցել ընտրությունները, պետական կառավարման համակարգին առնչվող հարցերը, բյուջեի թալանը, օֆշորային մեքենայությունները, մարտի 1–ը, տոկոս «խփոցին», Լիսկայի տան բակում կատարված սպանությունը, Սաշիկի բիզնես–հաջողությունները, Սերժ Սարգսյանի մանկության ընկերների հաջողակ բիզնես–նախագծերի հարցը, հարկային տեռորը, արտագաղթը, հայոց լեզվի դեմ արվող ոտնձգությունը, «նախաձեռնողականությունը», «ֆուտբոլային» դիվանագիտությունը և այլն, և այլն, և այլն։ Մի խոսքով, առաջարկում են չքաղաքականացնել քաղաքականությունը։

Սերժ Սարգսյանի ձեռքին եթե ճար լիներ, ապա հայերենի բառաֆոնդից կվերացներ«քաղաքականություն» բառը և չէր թողնի, որպեսզի ՀՀ քաղաքացիները քաղաքականությունից խոսեին։ Իսկ եթե մարդն ապաքաղաքական է, ապա, մեծ հաշվով, նա անասուն է (մենք չենք ասում, Արիստոտելն է ասում, իսկ նա մի բան գիտեր, որ այդպես էր ասում). պարզապես այդ մասին մենք ապաքաղաքականներին չենք տեղեկացնում, որպեսզի տրամադրությունները շատ չընկնի։

Այսպիսով. ով քաղաքական հարցերը չքաղաքականացնելու իշխանական կոչն ընդունում է ի գիտություն՝ թող սեփական մարմնի վերին «վերջույթի» մասին իր պատկերացումները վերանայի։

 

Չքաղաքականացնել = Սերժ Սարգսյանին աջակցել

 

Բաղրամյան 26–ում շատ լավ հասկանում են, որ երկրում առկա խնդիրների ճնշող մեծամասնությունը քաղաքական լուծում է պահանջում, իսկ լուծումն այդ անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանափոխության անհրաժեշտությանը։ Այդ իսկ պատճառով էլ նրանք սարսափում են քաղաքականություն բառից ու քաղաքական բնույթի գործընթացներից այնպես, ինչպես սատանան խունկից։

Չքաղաքականացնել՝ նշանակում է իմիտացիայով զբաղվել կամ խուսափել իրերն իրենց անուններով կոչելուց։ Ա՛յ, սրան ՀՀԿ քեֆչի ղեկավարը համաձայն է։

Հայհոյի՛ր իշխանությանը որքան ուզում ես (Գեղամյանին ու Դալլաքյանին հո չե՞ք մոռացել),«թունդ ընդդիմադիր» կեցվածք ընդունիր, միայն թե քաղաքական օրակարգ առաջ մի՛ քաշիր։ Առավելևս՝ իշխանափոխության պահանջով օրակարգ։

Պատահական չէ, որ իշխանությանը կցված «անկախ» լրատվամիջոցներն էլ են քարոզում քաղաքականության ապաքաղաքականացում՝ իհարկե, դա անելով ավելու «նուրբ» ձևով։

Գեբելսյան քարոզչամեքենան դարձել է մոլի «քաղաքացիական» և հանրությանն առաջարկում է «կրեածիվ» լուծումներ՝ հորիզոնական կառավարումն ընդդեմ ուղղահայացի(Մաքս Վեբերը հաստատ մի քանի անգամ շուռ է եկել իր գերեզմանում), ցանցային մենեջմենթ, լիդերության ինստիտուտի վերացում (քաղաքական էլիտաների ուսումնասիրությամբ զբաղվող արևմտյան քաղաքագիտական դպրոցի բոլոր դասականները ևս շուռ ու մուռ են գալիս իրենց գերեզմաններում), «Տարոն ջան, սիրուն չէ» ոճի արդյունքներով բավարարվելու«մշակույթ»։

Մի խոսքով, հակաբանական ու հակագիտական ցանկացած բան ողջունվում է իշխանության կողմից. միայն թե Սերժ Սարգսյանը մնա իր տեղում։

Արհեստականորեն հակադրության մեջ են դրվում քաղաքացիական ու քաղաքական շերտերը։ Քաղաքացիականներն, ըստ «Lragir.am»–ի, «1in.am»–ի ու մյուս «անկախների», գովելի են այնքան ժամանակ, քանի դեռ չեն քաղաքականացրել հարցերը ու մասնավորապես՝ չեն համագործակցելԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի հետ ու չեն դրել իշխանափոխության հարց։

Հո չե՞ք մոռացել, թե ինչ շան լափ թափեցին սույն լրատվամիջոցներն այն պահին, երբ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին փաստացի հաղթած Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական փուլում մի քանի ժամով շեղվեց «գեներալնի լինյայից» ու գնաց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու։ Հենց Րաֆֆին «խելքի» եկավ ու շարունակեց իր թատրոնը «քաղաքացիական» կոդերով՝ կրկին դարձավ «անկախ» լրատվամիջոցների սիրելին, քանզի «քաղաքացիական», այն է՝ ապաքաղաքական պայքարի միջոցով Սերժ Սարգսյանի «խփած» տոկոսներին ոչինչ չէր սպառնում, իսկ հանրությանը սպասվում էր հիասթափություն«աղոթքի» տեսքով։

 

Մարդն, այնուամենայնիվ, քաղաքակա՛ն կենդանի է

 

Սերժ Սարգսյանը վախենում է քաղաքական տեքստից ու քաղաքական մարդկանցից, քանզի մաքուր քաղաքական տեքստում «ֆալշ» չկա, իսկ իսկական քաղաքական (գաղափարական)մարդը չի վաճառվում։

Ս. Սարգսյանը քաղաքական (հրապարակային) դաշտում թույլ է և մերկ։ Քաղաքական բնույթի պայքարը և հակադրությունը նրա աքիլլեսյան գարշապարն է։ Դրա համար էլ նրան հոգեհարազատ են բոլոր տիպի «քաղաքացիական» պայմանագրերն ու համաձայնագրերը, կուլիսային ինտրիգները, առուծախը, հարցերը չքաղաքականացնելու վճարովի և անվճար կողմնակիցները, տարատեսակ «գյալաջիները», ֆեյսբուքներում «հեղափոխություն» անող ստատուսագիրները, որոնք պայքարում են … ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ (այս դեպքում Սերժ Սարգսյանը հարցը սուպերքաղաքականացման ենթարկելու կողմնակից է), ՄՄ մտնելու որոշումը քննադատող, բայց … Պուտինի հրաժարականը պահանջող «արևմտամետները»։

Հիմա էլ փողոց են դուրս եկել հանրային գրեթե բոլոր շերտերի շահերին առնչվող քաղաքականությունից դժգոհ մարդիկ՝ ՏՏցնելու կամ ՄՄցնելու անկեղծ ցանկությամբ։ Եվ կրկին լսվում են հարցերը չքաղաքականացնելու կոչեր։ Բայց եթե իշխանական ճամբարից չքաղաքականացման հորդորները հասկանալի են, ապա անտրամաբանական ու անհասկանալի են բարիկադի այս կողմից լսվող ապաքաղաքական ձայները։

Ի՞նչ է նշանակում չքաղաքականացնել հայոց լեզվի կարգավիճակի, գազի ապօրինի թանկացման, հանրային տրանսպորտի գնի թանկացման, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու, ուսման վարձերը բարձրացնելու, Երևանի ասֆալտի վրա արված կարմիր կետագծերով վարորդներից փող կլպելու, բյուջեի միջոցները «ատկատների» ու կեղծ«տենդերների» միջոցով վատնելու, օֆշորային մեքենայություններին Տիգրան Սարգսյանի մասնակցության, Լիսկայի «քաջագործությունները» կոծկելու, Սերժ Սարգսյանի ու իր նեղ շրջապատի՝ երկրաչափական պրոգրեսիայով հարստանալու, սարսափելի չափերի հասնող արտագաղթի, տնտեսական անկման, գնաճի, գյուղատնտեսության, վարկային տոկոսադրույքների, արտաքին պարտքի մեծացման ու դրսից բերած միջոցների փոշիացման, վարչապետի լկտի պահվածքի (կարող են սահմանամեձ դպրոցներն ու պոլիկլինիկաները վերանորոգել, բայց դա չեն անի, այլ վարչական շենքերը «ռեմոնտ» կանեն), Սերժ Սարգսյանի խայտառակ արտաքին ու ներքին կուրսը և այլ նմանատիպ հարցերը։

Եթե սրանք քաղաքական հարցեր չեն, ապա որո՞նք են քաղաքական հարցերը։ Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի հրաժարականն ամբողջ ամառ արևի տակ նստած հուժկու ձևով պահանջելն ու այդպես էլ դրան չհասնե՞լը (վերջում հերոսաբար տուն գնալով), օֆշորային թալանը թողած մանր ձկնիկներին բռնելու պահանջ ներկայացնե՞լը, Հայաստանի թիվ մեկ օլիգարխներ Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին թողած «օլիգարխների» դեմ պայքարե՞լը, ընտրակեղծարարներին գլխից բռնելու փոխարեն «օլիգարխների» կարմիրգլխարկավոր այծերի հետ կռիվ տա՞լը։

Թե՞ քաղաքականությունն այն է, որ թունդ բառապաշարով հայտարարես, որ Մաքսային միություն մտնելը կատաստրոֆիկ որոշում էր, բայց չարժե այդ որոշումն ընդունած Սերժ Սարգսյանի դեմ պայքարել, քանզի նրա հեռացումից հետո իշխանության կարող են գալ ավելի ռուսամետ ուժեր(գեբելսյան քարոզչամեքենայի հերթական էժանագին «տրյուկը»)։

Աղավնյակնե՛րս, Գյուլիստանից այն կողմ այլևս «ռուսամետ» ուժ չկա Հայաստանում։ Որ պեղեք էլ՝ չեք գտնի։ «Արևմտամետ» Սերժ Սարգսյանն իր հավատարմությունը Գյուլիստանիպայմանագրին հայտնելով՝ ցույց տվեց, որ ոչ թե մեկ գիշերվա մեջ ռուսամետ է դարձել, այլ՝ռուսահպատակ. դրանք տարբեր բաներ են։ Եվ ընդհանրապես՝ հայստանյան «ռուսամետներն» ու «արևմտամետները» նույն մեդալի երկու կողմերն են՝ ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույնը, այն է՝ հակահայկական։

Այնպես որ անհրաժեշտ է մի կողմ նետել կեղծ «իզմերը» և գնալ ճիշտ ճանապարհով։ Ասել է թե՝ պայքարի քաղաքականացում, քաղաքականացում և ևս մեկ անգամ քաղաքականացում՝ չմոռանալով, իհարկե, իրերն իրենց անուններով կոչելը։

Պայքարել է պետք բոլոր ուղղություններով։ Միասնաբար ու քաղաքական ուժերի առաջնորդությամբ։ Անիմաստ ու անհեթեթ կոմպլեքսներից անհրաժեշտ է ձերբազատվել, քանզի չկա ավելի ամոթալի բան, քան գործող ռեժիմին ուղղակի կամ անուղղակի, գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայելը։ Մնացած դեպքերում ամեն ինչ ընդունելի է և բարոյական։

Առանձին–առանձին պայքար մղելու և որևէ արդյունքի չհասնելու փոխարեն պետք է մեկտեղել ուժերն ու իշխանությանը դեմ տալ քաղաքական տեքստ ու գործողություն։

Հավատացա՛ծ եղեք, որ միայն այդպես է հնարավոր հասնել հաջողության։ Մյուս տարբերակների դեպքում պայքարը կավարտվի հօգուտ Սերժ Սարգսյանի և ի վնաս Հայաստանի Հանրապետության։

Ընտրությունը մերն է։ Մարդն, այնուամենայնիվ, քաղաքակա՛ն կենդանի է։ Չարժե մոռանալ այդ մասին։

Անդրանիկ Թևանյան

www.7or.am  

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը. Հայաստանը կմրցի Ռուսաստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Վովա Գասպարյան. Մեր հակառակորդներն են հանցագործները եւ քաղաքական ընդդիմությունը’