‘Քաղաքականությու՛նը չէ, որ անբարոյականություն է’

4254

«Այո»-ի ամենաակտիվ քարոզիչների մի մասը, հասկանալով, որ իրենց շաբլոն ու ոչինչ չասող հիմնավորումները ոչ մի կերպ չեն ազդում հասարակության վրա, հարձակումներ են գործում Սահմանադրության, ինչպես նաեւ 1990-ականների իշխանության վրա։ Գործող Սահմանադրության վրա հարձակումներն անհեթեթ ու ծիծաղելի են այնքանով, որ այդ փաստաթղթի մասին նրանք երբեւէ խոսք անգամ չեն ասել մինչեւ Սերժ Սարգսյանի՝ այն փոխելու մասին անակնկալ հայտարարությունը։ Ավելին՝ առիթի դեպքում կրծքով պաշտպանել են։ Ինչ վերաբերում է 90-ական թվականները սեւացնելուն, ապա դա նորություն չէ։ Վարչախմբի քարոզիչները հենց այս ողորմելի մեթոդին են դիմում, երբ համապետական լայն քննարկման որեւէ հարցի հետ կապված բանական ասելիք չեն ունենում։ Հիմա էլ դա այլ բան չէ, քան ասելիք չունենալու, Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական ավանտյուրան քողարկելու հուսահատ ու էժանագին մի հնարք։

Սակայն, կան արձանագրված եւ անշրջանցելի փաստեր, անառարկելի փաստաթղթեր, որոնց համադրությամբ՝ այդ մարդկանց այսօրվա վարքագծը դառնում է խայտառակ ու ամոթալի։

Ահա այդ փաստերից մեկը։

1999 թվականին Հայաստանի կառավարության կողմից կազմված, նոյեմբերի 30-ին Ռ. Քոչարյանի կողմից հաստատված, ապա Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ կառավարության գործունեության ծրագրի մասին» փաստաթղթում շատ բարձր ու հանգամանալի գնահատական է տրվել նույն այդ 90-ական թվականներին, այսինքն՝ ՀՀՇ-ի իշխանության տարիներին։ Ահա դրանք (տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վերադարձ, Երեւան, 2009, էջ 85–87)։

«Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարեւոր ձեռքբերումներ՝

ա) բազմաթիվ փորձություններ անցած ֆինանսական կայունությունը, հետեւողականորեն իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը, վերահսկվող ու ցածր մակարդակ ունեցող սղաճը եւ բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղաքականությունը.

Բ) ոչ պետական հատվածի ձեւավորումը՝ շնորհիվ զանգվածային մասնավորեցման, եւ դրա գերակշիռ դերը երկրի համախառն ներքին արդյունքի ձեւավորման գործում.

Գ) տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, դրա զարգացման համար նախադրյալների ստեղծումը.

Դ) միջազգային, այդ թվում՝ ֆինանսական կառույցներին անդամակցությունը, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններն ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավը.

Ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին.

Զ) էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն ու Հայաստանն էներգոդեֆիցիտ երկրից էներգիայի պոտենցիալ արտահանող դարձնելը.

Է) 1994 թվականից մինչեւ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճը.

Ը) մարտունակ բանակի կայացումը, հաղթանակը Ղարաբաղում եւ 1994 թվականից պահպանվող զինադադարը.

Թ) ժողովրդավարական պետության եւ շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայությունն ու կանոնակարգված աշխատանքը.

Ժ) Սահմանադրության ընդունումը եւ դրանում ամրագրված համակարգերի աստիճանական ձեւավորումը.

Ժա) խոսքի եւ մամուլի ազատությունը.

Ժբ) այլակարծության վրա խարսխված բազմակուսակցական քաղաքական համակարգը.

Ժգ) բոլոր մակարդակների ընտրությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթը, պետության կառավարման գործընթացներում բնակչության պատասխանատու մասնակից դարձնելը.

Ժդ) Հայաստանը ներգրավված է եւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային, եւրոպական, ԱՊՀ եւ տարածաշրջանային կառույցներին: Էական դրական տեղաշարժեր են արձանագրված երկկողմ եւ բազմակողմ միջպետական հարաբերությունների ոլորտում, որի արդյունքում ձեւավորվել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, եւրոպական, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պետությունների հետ բարեկամական փոխշահավետ հարաբերություններ։ Հայաստանը կարեւորել է տարածաշրջանային համագործակցության զուգակցումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներին։ Մենք հետեւողական ենք մեր հարեւանների հետ խաղաղ, տնտեսական փոխշահավետ միջպետական կապերի ձեւավորման գործում»։

Յուրաքանչյուր իշխանություն կերազեր հաջորդ իշխանության կողմից իր գործունեության նման փառահեղ քաղաքական գնահատական ունենալ։ Եւ սա վերաբերում է հենց նույն 90-ական թվականներին։

Կառավարության այս ծրագիրը ներկայացնելիս Ազգային ժողովում ոչ մի առարկություն չի եղել։ Ավելին՝ Նույնիսկ հարցեր չեն հնչել։ Հնչել է ընդամենը մեկ հարց (Սուքիաս Ավետիսյան), այն էլ վերեւում բերված արձանագրումների թեմատիկայից դուրս՝ կապված Աղետի գոտու շինարարության ծրագրերի հետ։ Այսինքն, ծրագիրը՝ քաղաքական այս արձանագրումներով հանդերձ, ընդունվել է միաձայն։

Եւ գիտե՞ք, թե ԱԺ երկրորդ գումարման պատգամավորներից ովքեր են այս ամենին հավանություն տվել, միացել այդ գնահատականին, հավաստել այս ամենը որպես պատմական փաստ։ Հենց նրանք, ովքեր տարբեր առիթներով, իսկ հիմա, «Այո»-ի քարոզչության խնդիրը լուծել չկարողանալով, հերյուրանքներ են տեղում այդ թվականների վրա.

Լեռնիկ Ալեքսանյան

Վարդան Այվազյան

Սուքիաս Ավետիսյան

Բաբուխանյան Հայկ

Բադեյան Մանվել

Վահրամ Բաղդասարյան

Արտաշես Գեղամյան

Հրանուշ Հակոբյան

Համլետ Հարությունյան

Գագիկ Մինասյան

Հերմինե Նաղդալյան

Գալուստ Սահակյան

Սրանցից ոմանք՝ Վարդան Այվազյանը , Հրանուշ Հակոբյանը, Հերմինե Նաղդալյանը, Գալուստ Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Վահրամ Բաղդասարյանը կրկնակի անհեթեթ ու ծիծաղելի վիճակում են հայտնվում։ Առաջին չորսը ընդգրկված են եղել ԱԺ առաջին գումարման (1995-1999 թթ.) իշխանական «Հանրապետություն» խմբակցության մեջ, եւ, հայհոյելով այդ թվականները, նրանք, փաստորեն, իրենք իրենց են հայհոյում։ Վերջին երկուսն էլ ընդգրկված են եղել «Բարեփոխումներ» խմբում, որը սերտորեն համագործակցում էր ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» խմբակցության հետ եւ նույն կերպ քվեարկում։ Այսինքն՝ վերեւում թվարկված բոլոր մարդիկ քվեարկությամբ եւ հրապարակավ միշտ պաշտպանել են իշխանության բոլոր կարեւոր օրենսդրական եւ այլ նախաձեռնությունները։

Չէ, քաղաքականությունն ինքը ոչ մի մեղք չունի։ Այն ցանկացած ժողովրդի համար ամենակարեւոր բնագավառն է՝ ապահովելու համար երկրի անվտանգությունը, ներքին կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը եւ արժանապատիվ կյանքը։ Եւ, որպես այդպիսին՝ քաղաքականությունն, իրականում կարող, գրագետ, անբասիր, բարոյական մարդկանց տեղ է։ Պարզապես, հաճախ է պատահում, որ այստեղ խցկվում են բոլորովին հակառակ արժեքի ու վարքի տեր մարդիկ, ինչի հետեւանքով ժողովրդի մեջ թյուր պատկերացում է տարածվել քաղաքականության ու քաղաքականությամբ զբաղվողների բարոյական նկարագրի մասին։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Եվրոպական արհամարհանք. ԺՀՄԻԳ-ը ուղարկել է ընդամենը 4+1 դիտորդ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Պաբլո Էսկոբարը՝ զարհուրելի դաժան եւ «բարի» թմրակայսրը’