‘Քաղաքական գործիչները վաղվա ակցիայի ժամանակ կլինեն քաղաքացիների կողքին ‘

2521

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ (Սարյան 22) կազմակերպել էր ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ակցիան, սակայն, որոշ ժամանակ անց ոստիկանների կողմից վերածվել էր բռնությունների մի շղթայի, որի արդյունքում նրանք բռնության կիրառմամբ մի քանի տասնյակ քաղաքացու էին բերման ենթարկել:

Վաղը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է քննարկի էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, ինչի կապացությամբ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը ժամը 10-30-ին քաղաքացիներին հրավիրել է նորից գալ նույն վայրը՝ քննարկմանը զուգահեռ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացնելու համար:

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նաեւ գազի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ է, մասնակցելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, իսկ խմբակցության մյուս պատգամավորները մասնակցելու են զուգահեռաբար տեղի ունեցող ակցիային եւ քաղաքացիներին են ցույց տալու իրենց աջակցությունը:
Վաղվա ակցիային եւ նիստին՝ Կոնգրեսի պատգամավորների մասնակցության վերաբերյալ iLur.am-ը զրուցեց Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ քարտուղար Արամ Մանուկյանի հետ, որոնցից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է լինելու քաղաքական ուժերի, եւ մասնավորապես, Քառյակի արձագանքը այս ամենին:

Լեւոն Զուրաբյան— Իսկապես, անցալ ակցիայի ժամանակ այդ բավականին տարերային ընդվզմանը հետեւեցին ոստիկանական ապօրինի գործողություններ ու բռնություններ: Սա մեկ, եւ երկրորդ, վաղը առավոտյան կայանալիք նիստին կարգավորող այդ հանձնաժողովը քննարկելու եւ վերջնական որոշում է ընդունելու՝ գների բարձրացման մասին նախագծի վերաբերայալ: Մենք կարծում ենք, որ չի կարղ Քառյակը, եւ մասնավորապես, Կոնգրեսը անմասն մնալ ժողովրդի այս ընդվզումից եւ բնական է, որ մենք ինչ-որ ձեւ պետք է գտնենք, որ մի կողմից պատգամավորների ներկայությունը օրինականության դաշտ բերի ոստիկանությանը եւ բացառվեն ժողովրդի նկատմամբ բռնի գործողությունները, եւ մյուս կողմից, քանի-որ մենք ունենք պատգամավորական ստատուս, ճիշտ կլինի ապահովվել Քառյակի ներկայացուցիչների մասնակցությունն այդ նիստին, որտեղ եւս մեկ անգամ հանրության առջեւ կհնչեցվեն մեր հիմնավորումները, թե ինչու էլեկտրաէներգիայի գինը չի կարող բարձրացվել՝ մինչեւ որ իսկապես լրջագույն ֆինանսական մի աուդիտ չանցկացվի՝ համապատասխան Քառյակի մեր հայտարությանը:

Իհարկե մենք հասկանում ենք, որ «անկախ» այդ կարգավորող հանձնաժողովն ընդամենը գործիք է իշխանության ձեռքին, եւ նա ոչին չի որոշում, որոշումը վաղուց ընդունված է Սերժ Սարգսյանի, իշխանության կողմից եւ այդ որոշումն ընդամենը պետք է նրանք վաղը հռչակեն, բայց, այնուամենայնիվ, մենք մեր պարտքը պետք է կատարենք, մենք պետք է հրապարակայնորեն կանգնենք ժողովրդի կողքին եւ մեր փաստարկները ներկայացնենք:  

Արամ Մանուկյան— Կարծում եմ, որ շատ ճիշտ են վարվում հասարակական կառույցները, ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինաները, որովհետեւ այս հարցը վերաբերվում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ առանց բացառության եւ եթե թույլ տրվի այս թանկացումը, ապա դա շատ արագ շղթայական ձեւով անդրադառնալու է բոլոր բնագավառներին: Այսինքն, չի լինելու Հայաստանում մարդ, որի վրա այս թանկացումը ուղիղ ազդեցություն չունենա:

Մենք էլ կփորձենք համաձայն մեր հայտարարության հիմնավորել դրա ոչ նպատակային լինելը, քանի որ մենք առաջարկել ենք մեր հայտարարությամբ գոնե լուրջ աուդիտ անցկացնել, թե որքանով է հիմնավորված այդ թանկացումը, որքանով է դա անխուսափելի եւ չկա՞ն արդյոք այլ աղբյուրներ, որոնցով փորձվի մեղմացվի թանկացման արդյունքում սպասվելիք լարվածությունը: Վստահ եմ՝ կա այդ հնարավորությունը եւ իշխանությունությունը պարտավոր է ճանապարհներ գտել՝ մեղմելու համար այդ գինը, թույլ չտալ, որ գինն այս պահին բարձրացնեն, որից հետո մենք ավելի լուրջ հիմնավորումներ կներկայացնենք: Միգուցե փորձենք նաեւ այլ ճնապարահներ ներկայացնել՝ թե ինչով կարելի է կոմպենսացնել չթանակցումը, որպեսզի Հայաստնում չստեղծվի մի նոր սոցիալական լարվածություն, արտագաղթի մի նոր դրդապատճառ, որը ուղղակի ոչ միայն կքայքայի մեր երկիրը, այլ ուղիղ իրենց շահերին էլ կխփի, որովհետեւ արտագաղթի պատճառով քչանալու է նաեւ հոսանքի համար վճարողների քանակը, իսկ ինչքան քչանա վճարողների քանակը, այնքան իրենք ստիպված թանկացնելու են գինը: Այսինքն, խնդիրը նաեւ հենց իրենց իսկ շահերից է բխում եւ նույնիսկ իրենց շահերից ելնելով՝ հարկավոր է թույլ չտալ թանկացումը, եւ իրենք էլ դա պիտի հասկանան, որ թանկացումը վնասում է հենց հոսանք արտադրողներին եւ բաշխողներին: Մեր մոտեցումը հիմնավորված եւ փաստարկված է, եւ մենք կփորձենք աջակցել այդ նախաձեռնություններին:  

Հ.Գ. ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վաղը հնարավոր է նաեւ իրենց մասնակցությունը: «Ոչինչ էլ չի բացառվում: Արդեն որոշում կա, բայց դրա մանրամասների մասին չեմ ուզում պատմել, տեղում կերեւա: Չի բացառվում, որ կմասնակցենք, ավելի շատ հավանական է մեր մասնակցությունը, քանի որ Քառյակը դրա մասին հայտարարություն է արել եւ բնականաբար, հետամուտ է լինելու, որ այլընտրանքային լուծումներ տրվեն, որպեսզի այդ գինը չթանկանա եւ այդ բեռը ժողովրդի վրա չնստի»,- նշեց պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Պարզ են դառնում էլեկտրաէներգիայի թանկացման պատճառները’
Հաջորդ հոդվածը‘Անկումը հանքարդյունաբերության և հանքավայրերի շահագործման ոլորտում կազմել է 6%’