‘Քաղաքական եւ քաղաքացիական ճնշումը կստիպի էժանացնել ուղեվարձը. կարծիքներ’

939

Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ վերջին շրջանի թանկացումները, մասնավորապես՝ հուլիսի 20-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, հերթական խթանն է քաղաքացիների՝ Հայաստանից դուրս գալու մասին մտածելու համար:

«Մեր խորհրդարանական և ավագանու խմբակցությունները հիմա հանդիպումների շարք են անցկացնում մի շարք փոխադրող ընկերությունների հետ, տնտեսական բլոկի մասնագետները ուսումնասիրություններ են անցկացնում, կփորձենք առաջիկայում ինչ-որ տարբերակներ առաջարկել, բայց, վերջին հաշվով՝ թանկացումների տենդենցը ապրանքների, սպասարկման ծառայությունների համար շարունակական է, և անհրաժեշտ է ապահովել մարդկանց աշխատանքով: Դա է լուծումը», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ուրիխանյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը տեսականորեն չի բացառում քաղաքական ճնշումների միջոցով սակագնի վերանայման հնարավորությունը:

Իր հերթին՝ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է, որ պարբերական թանկացումների այս շրջանում անհրաժեշտ է քաղաքական եւ քաղաքացիական վերահսկողություն սահմանել գործընթացի վրա: «Մենք մեծ խնդիրներ ունենք ճշտելու համար, թե որքանով է հիմնավորված սակագնի բարձրացման այս չափը, և եթե մենք հենց սկզբից չդնենք քաղաքական, քաղաքացիական վերահսկողություն այս ամենի վրա, ես կարծում եմ, որ այս ամենը կարող է անսանձ կերպով իրականացվել, և որևէ մեկը պատասխան չտա, որևէ լուրջ հիմնավորում չներկայացնի», — ասել է Ռուստամյանը:

Ուղեվարձի թանկացման վերաբերյալ հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը, որում, մասնավորապես, նշվում է, որ հատկապես մայրաքաղաքային տրանսպորտի ոլորտում առկա են հնարավորություններ՝ ուղեվարձի թանկացումից խուսափելու և աղքատացած հասարակության ուսերին նոր բեռ չդնելու համար: «Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երևանի քաղաքապետարանը բացահայտ խոսի այն կոռուպցիոն-արատավոր շղթայի մասին, որն առկա է սույն ոլորտում, պայմանավորում է ներկայիս ուղեվարձի գինը, և որում ներքաշված է Երևանի քաղաքապետարանն ի դեմս «Երևանտրանս» ՓԲԸ-ի», — ասված է խմբակցության հայտարարության մեջ:

«Նախախորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Ֆեյսբուքում» գրում է.
«Քաղաքային ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման դեմ պայքարող մեր ակտիվիստ երիտասարդների շնորհիվ առաջացել է հանցավոր համակարգին զգալի հարված հասցնելու և նահանջ պարտադրելու լուրջ հնարավորություն: Առաջին հայացքից՝ կենցաղային, սոցիալական թվացող այս պայքարն իրականում ազգային-ազատագրական պայքարի ճանապարհի մի հատվածն է: Ուստի մենք իրավունք չունենք բաց թողնելու այդ հնարավորությունը: Երիտասարդներին և շոգի նկատմամբ տոկուն ավագ սերնդի քաղաքացիներին կոչ եմ անում միանալ ակտիվիստներին, ուղևորներին հորդորում եմ տեր կանգնել իրենց իրենց իրավունքներին ու վճարել միայն 100 դրամ, իսկ վարորդներին՝ երկրի ազատագրման շահը բարձր դասել օրվա շահից և միանալ այս պայքարին: Չկասկածեք, ճնշումը բավարար աստիճանի հասցնելու և կարճ ժամանակով պահպանելու դեպքում համակարգը զիջելու է», — նշում է Ժիրայր Սեֆիլյանը:

Ուղեվարձի բարձրացման դեմ այսօր մի շարք ակցիաներ են նախատեսված: Մասնավորապես, «Հայազն» ազգայնական կուսակցությունը պատրաստվում է ժամը 16:00-ին բողոքի ցույց անել քաղաքապետարանի դիմաց: Կուսկացությունն իր տարածած հաղորդագրության մեջ, ուղեվարձի թանկացումը վերանայելու պահանջից բացի, ուղեւորափոխադրորւմների որակը բարձրացնելուն ուղղված մի շարք այլ պահանջներ է առաջադրում: Այսօր ժամը 20:00-ին «չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները կհավաքվեն Մաշտոցի պուրակում՝ օրն ամփոփելու եւ հետագա անելիքները մշակելու համար:  

 

 

Նախորդ հոդվածը‘Անիի նախկին ոստիկանապետը խոսեց’
Հաջորդ հոդվածը‘Ուրիշի լեզուն’