‘
ՌԴ պետդումայի խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Անդրեյ Իսաևը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրողներին սպառնացել էր, թե նրանք պատասխան են տալու իրենց մի հրապարակման համար, որը վերնագրված էր «Քաղաքական պոռնկությունը փոխում է սեռը» և վերաբերում էր խորհրդարանում իշխող կուսակցության կին ներկայացուցիչներին: Իսաևի կարծիքով՝ թերթը գրոհել էր իր կուսակիցների վրա, քանի որ վերջիններս ցանկացել են արգելել ԶԼՄ-ներում ինտիմ-ծառայությունների գովազդը:
Հոդվածում խոսքը երեք կին պատգամավորների մասին է, որոնք խորհրդարանում ներկայացնում են «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը: Նշվում է, որ այս պատգամավորուհիները բազմիցս փոխել են իրենց քաղաքական հայացքները և պաշտպանել ամենաարտառոց օրինագծերը: «Երկար ժամանակ քաղաքական պոռնկությունը զուտ տղամարդկանց գործն էր,- ասված է հոդվածում:- Հիմա, սակայն, մենք այդ բնագավառում հեղափոխության ականատեսն ենք դարձել: Կամ տղամարդն է մանրացել (գենդերային պատկանելության հատկանիշներից շատերի մոտ մնացել է միայն տաբատը), կամ էմանսիպացիան հաղթել է ռուսաստանյան քաղաքականությունում, և քաղաքական պոռնկությունը, ինչպես և սովորական պոռնկությունն է, դառնում է թույլ սեռի մենաշնորհը»:
Մամուլին ուղղված բողոքների գծով հասարակական խորհուրդն այս հարցի վերաբերյալ որոշում է կայացրել, ըստ որի՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հրապարակման մեջ որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություն չկա, gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասված է խորհրդի կայքում:
‘