‘«Քաղաքական-քաղաքացիական» պարզունակ հակադրումով հաջողվում է ռեժիմն անձեռնմխելի պահել’

1632

Երևանում տրանսպորտի թանկացման հենց առաջին ակցիային (հուլիսի 19, քաղաքապետարանի դիմաց) մասնակցել եմ: Մի 40-50 հոգի էր հավաքվել՝ ջահել, համարձակ, սիրուն, լուսավոր… ամեն բան մաքուր էր, բնական, ջինջ… Հետո եղավ հավաքը կոմայգում, որտեղ քննարկվեցին հետագա անելիքները… Մարդկանց շատ արագ հաջողվեց դառնալ գործոն: Այսօր արդեն այդ 50-ը դարձել է 250 (& counting), բայց գնալով ավելի ու ավելի են շատանում անվստահելի մարդիկ, մարդիկ, ովքեր, գիտես, հստակ գիտես, որ ո՛չ մի դեպքում չեն կարող ռեժիմի դեմ որևէ միջոցառման մասնակցել: Այսօր արդեն բանը հասել է նրան, որ փղի նման արարածն է ա լյա չեմվճարելու150դրամ «ակցիա» անում:
Եթե սրան ավելացնենք նաև նախագահականի վերահսկողության տակ գտնվող կայքերի ռեակցիան, գուցե կարելի է ասել, որ ոնց որ թե ռեժիմը կրկին փորձ է անում իր դեմ ուղղված բողոքը ծառայեցնել իր շահերին: Ու դա արվում է փղի նման արարածների միջոցով բողոքը վերահսկելի դարձնելու ճանապարհով: Շատ հավանական է, որ քաղաքային տրանսպորտի գինը վերադառնա նախկին 100 դրամին, բայց հանկարծ այնպես չլինի, որ որևէ մեկի մտքով ավելին անցնի (տրանսպորտը ստվերից հանել, ռեժիմի դեմ ճնշումը մեծացնել և այլն): 
Ու դարձյալ սկսել են ականջ ծակել «չքաղաքականացնելու» կոչերը: Իսկ «չքաղաքականացնել» ասելով, որպես կանոն, հասկացվում է ռեժիմի ամենավերին օղակների հասցեին թթու խոսք չասելը: Տրանսպորտի վարչության պետին, Տարոն-Մարոնին, գծերի՝ հայտնի ու անհայտ տերերին՝ ասեք ինչ ուզում եք, բայց հենց փորձեք հավաքական ընդգրկումով անդրադառնալ նրանց (ռեժիմին) և դրանց պարագլուխ Սերժին, հիշեք, որ չպետք է «քաղաքականացնել»: Սերժի մասով դիրքորոշում հայտնել/ունենալը «քաղաքական է», իսկ էն անշառ մանր-մունրների դեպքում՝ «քաղաքացիական»:
Ու «քաղաքական-քաղաքացիական» էս պարզունակ հակադրումով, ըստ էության, հաջողվում է ռեժիմն անձեռնմխելի պահել:
Քանի որ տրանսպորտի հետ անմիջականորեն առնչվում է հասարակության շատ մեծ մասը, ի սկզբանե «տրանսպորտային պայքարներն» աշխարհում մասսայականացվելու ամենամեծ պոտենցիալն ունեն: Դրանք մեծ փոփոխություններ են բերել տարբեր ժամանակներում: ԱՄՆ-ում սևերի և սպիտակերի՝ տրանսպորտից հավասար իրավունքներով օգտվելու պահանջը վերածվեց հսկա շարժման՝ փոխելով, ըստ էության, ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ մոլորակի պատմության ընթացքը: Ընդամենը մեկ ամիս առաջ Բրազիլիայում տրանսպորտի գների բարձրացման դեմ ուղղված ալիքը ոչ միայն հանգեցրեց դրանց վերադարձին նախկին գներին, այլև՝ պետությունը ստիպված եղավ հսակայածավալ բարեփոխումներ նախաձեռնել կրթության, գիտության և առողջապահության բնագավառներում՝ միլիարդավոր դոլարների հոսքեր ուղղորդելով տվյալ ոլորտներ:
Հայաստանում ռեժիմը փորձում է «տրանսպորտային ընդվզումից» դուրս պրծնել լավագույն դեպքում 150 դրամը 100 դրամ սարքելով, ձեռի հետ էլ մի քանի դիվիդենտ շահել, փուչիկներ փչել (դեռ պետք կգան): Եվ դա, կարծեք թե, հաջողվելու է: 

Ռաֆայել Թեյմուրազյան

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի դուստր. Հայրս հիմա ինչ-որ հոգեբուժարանում է գտնվում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ օմբուդսմենին թույլատրել են հանդիպել Հրաչյա Հարությունյանի հետ’