‘
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևան քաղաքի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հրապարակների հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ:
Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մրցույթի նպատակը՝
Ընտրել լավագույն քաղաքաշինական, ճարտարապետական, դիզայներական նախագծային, ինչպես նաև դրանց հետ կապված ինժեներա-տեխնիկական առաջարկություններ, հայեցակարգեր՝ ուղղված նշված հանգույցների քաղաքաշինական ամբողջականացմանը, արժեվորմանը, բարենպաստ և գրավիչ միջավայրի ստեղծմանը, դրանց հարմարեցմանը արդի պահանջներին, տրանսպորտային հոսքերի կարգավորմանը և այլն:
Անհրաժեշտ է՝
ապահովել-
գոյություն ունեցող միջավայրի ծավալատարածական ամբողջականությունը, տրանսպորտային և հետիոտն շարժումների օպտիմալ կազմակերպումը, հաշմանդամություն ունեցող և սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժերը
դիտարկել-
տարբեր մակարդակների կազմակերպման, ստորգետնյա տարածքների օգտագործման հնարավորությունը՝ կայանատեղերով, անհրաժեշտ սպասարկման օբյեկտներով /հասարակական զուգարաններ, անցուղիներ, տրանսֆորմացվող, լուսաերաժշտական շատրվաններ/ ինչպես նաև համաքաղաքային նշանակության միջոցառումների, հանդիսությունների կազմակերպման համար հարթակների ստեղծումը /տրանսֆորմացվող/,
նախատեսել-
բարեկարգում և կանաչապատում՝ ջրային մակերեսների ստեղծմամբ, տարածքների կահավորում փոքր ճարտարապետական ձևերով՝ արձաններ, կանգառներ, նստարաններ, էկրաններ, գովազդային վահանակներ, ուղղորդող, տեղեկատվական ցուցանակներ, լուսատուներ, և այլ էլեմենտների տեղակայմամբ: Ցանկալի է նաև ներկայացնել հրապարակները ձևավորող կառույցների, ծավալների լուսավորության և արտաքին տեսքի բարելավմանն ուղղված առաջարկներ:
Հրապարակների ազդեցության գոտու /դիտարկվող տարածքի/ սահմանները որոշվում են նախագծող հեղինակի կողմից:
Մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն ճարտարապետական միասնականության, ներդաշնակման ապահովման խնդիրներում:
Ցանկալի է, որպեսզի մասնակիցների կողմից ներկայացվող առաջարկությունները լինեն հնարավորինս իրատեսական, ներառելով վերը նշված պայմաններն ու քաղաքաշինական այն հիմնախնդիրները, որոնք ակնառու են և ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն:
Մրցույթին մասնակցության պայմանները՝
Մրցույթին կարող են մասնակցել՝ Հայաստանում գործող անհատ ճարտարապետներ, դիզայներներ, քանդակագործներ, ճարտարապետներից և հարակից մասնագետներից կազմված ստեղծագործական խմբեր և ճարտարապետական ստեղծագործական արվեստանոցներ:
Մրցութային հայեցակարգային առաջարկությունների ներկայացման ձևաչափը՝
Առաջարկությունները /տպագիր և էլեկտրոնային/, ներկայացվում են համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով: Գրաֆիկական մասը ներկայացվում է ազատ, այն անհրաժեշտ ծավալով ինչը լիարժեք բացահայտում է հայեցակարգի հիմքում դրված մտահղացումները, ներառելով՝ գլխավոր հատակագիծը, ճակատների փռվածքները, կտրվածքները, անհրաժեշտության դեպքում՝ առանձին դրվագները, եռաչափ գծապատկերները և մանրակերտն՝ ըստ հայեցողության:
Մրցույթի մասնակիցներն ազատ են մրցույթային նշված մեկ կամ մի քանի թեմաների մեջ մասնակցության ընտրության հարցում:
Մրցույթի անցկացման և նախագծերի ներկայացման ժամկետները՝
Մրցութի սկիզբը սահմանվում է 2013 թվականի հունիսի 10-ը, իսկ ավարտը՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ը:
Մրցութային առաջարկությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2013 թվականի նոյեմբերի 15-ը մինչև ժամը 17.00-ն, հետևյալ հասցեով՝ Երևանի քաղաքապետարան, Արգիշտիի փողոց N1, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին /Ա.Վարդանյան/:
Մրցույթի մասնակցի հայեցակարգային առաջարկության հանձնումը վավերացվում է կնքված տեղեկանքով:
Մրցույթի համար անհրաժեշտ ելակետային նյութերը՝
Մրցույթի համար անհրաժեշտ նշված հրապարակներին վերաբերվող տեղագրական հանույթները մասնակցները կարող են ձեռք բերել այցելելով Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայք:
Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակային ֆոնդը՝
Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների ամփոփումն իրականացվում է մրցութային առաջարկությունների շուրջ կազմակերպված հասարակական իրազեկումից հետո, բայց ոչ ուշ, քան 2013 թվականի նոյեմբերի 30-ը:
Մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հրապարակի վերաբերյալ համապատասխանաբար ներկայացված հայեցակարգային առաջարկություններից ընտրված երեք լավագույնները կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝ 1մլն դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 դրամ,
3-րդ տեղ՝ 250.000 դրամ:
Մրցութային հանձնաժողովն իրավասու է մրցույթի ծրագրում առաջադրված պահանջներին չբավարարելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ փոփոխելու սահմանված մրցանակային ֆոնդի բաշխումը:
Ծանոթություն.
Մրցութային առաջարկությունները ներկայացվում են վեցանիշ թվային ծածկագրով: Այն տեղադրվում է գծագրերի վերին աջ անկյունում և պետք է ունենա 15մմ բարձրություն:
Առաջարկությունները ներկայացվում են համապատասխան ծածկագիր ունեցող կից փակ ծրարով, որի ներդիրում նշվում է մրցութային նախագծի հեղինակային կազմը և վերջիններիս միջև դրամական բաշխումը»:
Երևանի գլխավոր ճարտարապետ
Ն.Սարգսյան
‘