‘
Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները կշարունակեն անակնկալ ստուգայցերը: Քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել և խստորեն հետևել հատկապես երեխաների սննդի կազմակերպմանը:
«Այս հարցում մեր մշտական հետևողականությունն առանձնակի է կարևորված, ըստ այդմ՝ ակնկալում եմ ձեզանից խստորեն ստուգել հատկապես երեխաներին մատուցվող սննդի համապատասխանությունը սահմանված բոլոր չափորոշիչներին: Անգամ ամենափոքր խախտման արձանագրումն անհետևանք չպետք է մնա: Սա պահանջ է, որին պարտավոր են հետևել անխտիր բոլորը»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Օգոստոսին ոստիկանությունը տեղեկացրել էր, որ անհատ ձեռներեցի կողմից քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս, որը մատակարարելվել է Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին:
‘