‘
Երեւանի քաղաքապետարանի առաջ քաղաքային տրանսպորտի պատասխանատուների հրաժարականը պահանջող նստացույցը շարունակվում է: Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը iLur.am-ի հետ զրույցում նշում է, որ նստացույցին փորձում են ամեն կերպ խանգարել քաղաքապետարանի «մանկլավիկները»՝ քրեական տարրերից մինչեւ տարասեռ մարմնավաճառներ ուղարկելով:
Հատկանշական է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հայտարարել է, թե քաղաքապետարանը օգոստոս ամսին Երեւանում մնացած երեւանցիների համար հնարավորինս ակտիվ ամառ պետք է ապահովի:
Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Երեւանում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեխաների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով կկազմակերպվի «Երեւանյան ամառ» միջոցառումների ծրագիրը:
«Հաշվի առնելով, որ օգոստոս ամիսը Երևանում մշակութային միջոցառումների տեսանկյունից համեմատաբար պասիվ շրջան է, իրենց հանգիստը մայրաքաղաքում անցկացնող մեր համաքաղաքացիների համար պետք է ապահովենք հնարավորին ակտիվ հանգիստ: Այդ նպատակով կազմակերպվող «Երևանյան ամառ» ծրագրի իրականացման ուղղությամբ պետք է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այն բարձր մակարդակով կյանքի կոչելու համար», — աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսօր ասել է Տարոն Մարգարյանը:
Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կկազմակերպվի նաև առողջապահական ակցիա, որի շրջանակում մեր բնակչությունը հնարավորություն կունենա մի շարք ուղղություններով ստանալու անվճար բուժօգնություն:
‘