‘
«Երեխաների պաշտպանության ցանց» ԻԱՄ-ը բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ քաղաքապետարանի արտոնած մանկական միջոցառման ժամանակ երեխաների անվտանգությունը պատշաճ ձեւով չի ապահովվել:
Մայիսի 24-ին հրապարակվել էր տեղեկատվություն, որ Երևանի քաղաքապետարանը «Չումբո» նախաձեռնող խմբին արտոնել է 40.000 դպրոցականի համար ծնողների վճարած միջոցների հաշվին պարային միջոցառում կազմակերպել:
Կազմակերպությունը նշում է, որ մի շարք էական հանգամանքներ հաշվի չեն առնվել Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու ժամանակ:
Մասնավորապես, մեծ թվով երեխաներ միաժամանակ գտնվել են մեկ հաստատությունում, որտեղ չի եղել պատշաճ օդափոխություն, ապահովված չեն եղել համապատասխան անվտանգության միջոցներ (օր. շտապ օգնության մեքենա, համապատասխան թվով ոստիկաններ և այլն): Բացի դրանից կազմակերպությունն անընդունելի է համարում այն, որ միջոցառման մասնակցությունը կրել է պարտադիր բնույթ՝ ժամանցային միջոցառումներին մասնակցությունը չի կարող պարտադրվել դպրոցների վարչակազմի կողմից:
«Խնդրում ենք տեղեկացնել, թե ի՞նչ չափորոշիչների հիման վրա է Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրել նմանատիպ միջոցառման արտոնություն տրամադրելու վերաբերյալ և ինչպիսի՞ վերահսկողություն է իրականացվել», — հարցադրել են նամակի հեղինակները:
‘