‘
Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քննարկում, որտեղ քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը Հայ ազգային կոնգրեսի լիազոր ներկայացուցիչ Արեգ Գեւորգյանին փոխանցել է, որ կան հիմքեր մերժելու Կոնգրեսի՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումները, եւ առաջարկել է հանրահավաքն անցկացնել ոչ թե Ազատության հրապարակում, այլ ՝ Մատենադարանի մոտ: Գեւորգյանը, ինչպես ինքը փոխանցեց մեզ հետ զրույցում, ասել է, որ մերժում է քաղաքապետարանի առաջարկը:
Նշենք, որ Կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Հայոցյանը երկու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան՝ մայիսի 2-ին եւ 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Առաջին իրազեկումը ներկայացվել է երկուշաբթի առավոտյան ժամը 09:13-ին, երկրորդ իրազեկումը՝ երեքշաբթի առավոտյան ժամը 09:04-ին: Գագիկ Բաղդասարյանը քննարկման ժամանակ ասել է, թե հիմքեր ունեն մերժելու, քանի որ ըստ նրա, Կոնգրեսից առաջ դիմումներ են ներկայացրել ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն՝ նույն օրը նույն ժամին Ազատության հրապարակում միջոցառում իրականացնելու համար: ՀՀԿ-ն, ի դեպ, քննարկման ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է մայիսի 2-ի միջոցառումից, եւ հերթականության կարգով ի գիտություն է ընդունվել ԲՀԿ-ի իրազեկումը: Ինչ վերաբերվում է մայիսի 3-ի միջոցառմանը, ապա Բաղդասարյանն ասել է, թե առաջինը իրազեկումը ներկայացրել է ՀՀԿ-ն, ընդ որում, որքան էլ տարօրինակ է՝ հենց 09:00-ին, այսինքն, հենց այն պահին, երբ բացվում են քաղաքապետարանի դռները: Նշենք, որ ԲՀԿ-ն էլ քննարկման արդյունքում հրաժարվել է մայիսի 3-ի միջոցառումից: Արեգ Գեւորգյանը նշել է, որ հրաժարվում է Մատենադարանում հանրահավաք անցկացնելու առաջարկից, քանի որ ՀՀԿ-ի իրազեկումը ի գիտություն է ընդունվել ակնհայտ կեղծիքի հիման վրա. դիմումը չէր կարող մուտքագրվել ճիշտ այն պահին, երբ բացվում էին քաղաքապետարանի դռները: Գեւորգյանը պահանջել է, որ քանի որ Կոնգրեսի իրազեկումը ներկայացվել է 09:04-ին, իսկ ԲՀԿ-ն էլ հրաժարվել է մայիսի 3-ի միջոցառումից, Կոնգրեսի իրազեկումն ընդունել ի գիտություն:
Կոնգրեսի իրազեկումները ներկայացրած Վահագն Հայոցյանն էլ iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ ներկայացրել է առաջին իրազեկումը քաղաքապետարանի մոտ է եղել միայն ԲՀԿ ներկայացուցիչը, իսկ երկրորդ իրազեկման ժամանակ, որը ինքը ներկայացրել է ժամը 09:04-ին, քաաքապետարանի դռների մոտ որեւէ մեկը չի եղել: Հենց քաղաքապետարանի դուռը բացվել է, ինքը մտել է ներս, ներկայացրել է իրազեկումը, որը մուտքագրվել է՝ 09:04-ին: Այսինքն, անհնար էր, որ ՀՀԿ-ի որեւէ ներկայացուցիչ հասցներ իրազեկում ներկայացներ այնպիսի արագությամբ, որ այն կարողանային մուտքագրել հենց 09:00-ին:
‘