‘Քաղաքապետարանը պնդում է, որ Այվազովսկու վրձինը վերականգնվել է բացառապես Տ. Մարգարյանի նախաձեռնությամբ’

820

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը iLur.am-ի խմբագրությանը  «հորդորում  եւ ակնկալում է» հրապարակել վարչության պարզաբանումը մեր կայքում հրապարակված՝ «Ու՞մ շնորհիվ վերականգնվեց Այվազովսկու արձանը» վերնագրով նյութի կապակցությամբ: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը պնդում է, որ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի վերականգման աշխատանքները կատարվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, եւ որ ռուսաստանաբնակ նկարչուհի Նարա Յանի նախաձեռնած ցուցահանդես-վաճառքը արձանի վերականգնման հետ «բացարձակապես որեւէ առնչություն չունի»:

«Նախ, Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ «Տարոն Մարգարյանի շնորհիվ» արտահայտություն, ինչպես դուք եք «ցիտում», գոյություն չունի: Հաղորդագրության մեջ հստակ նշված է, որ վրձնի վերականգնման նախաձեռնությունն է եղել Երևանի քաղաքապետինը (ընդգծումը մերն է-iLur.am), ինչը և իրականություն է դարձել արձանի հեղինակ, քանդակագործ Յուրի Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ, ով, ի դեպ, ինչպես քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ է նշված, անմիջապես արձագանքել է քաղաքապետի նախաձեռնությանն ու վրձնի հատվածների կրկնօրինակը պատրաստել և տրամադրել է անվճար: Իսկ թե ով ինչ էր պատրաստվում անել նախկինում և ինչպես, ըստ էության, բացարձակապես որևէ առնչություն չունի արձանի վրձնի վերականգնման հետ», — նշվում է քաղաքապետարանից ստացված նամակում։

Նշենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության՝ հուլիսի 23-ին պատրաստած ռեպորտաժում տեղեկացվում է, որ «Փիարի զարգացման հայկական կենտրոնը» փորձել է հասկանալ քաղաքապետարանի դիրքորոշումը արձանի վերականգնման հարցում: Տարոն Մարգարյանը Ֆեյսբուքի միջոցով պատասխանել է` «սիրով կզբաղվեինք [այդ հարցով], բայց արձանները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման վարչության ներքո»:  

Մի կողմ թողնելով հարցը, թե ինչպես կարող է առհասարակ արձանը գտնվել «…վարչության ներքո» (հավանաբար, գիտությունների թեկնածու քաղաքապետը ուզեցել է ասել, որ արձանը գտնվում է վարչության խնամակալության ներքո կամ վարչությունն է զբաղվում արձանների վերականգնման հարցով-խմբ.), արձանագրենք, որ Տարոն Մարգարյանը «սեփական նախաձեռնությամբ» Այվազովսկու արձանը վերականգնելուց օրեր առաջ, ըստ էության, հրաժարվել է զբաղվել այդ հարցով, պատճառաբանելով, որ դա իր լիազորություններից չի բխում: Դրանից կարճ ժամանակ անց միայն Մարգարյանը «հայտնաբերել է», որ մշակույթի նախարարության համապատասխան վարչության ներքո լինելը չի խանգարում քաղաքապետին սեփական նախաձեռնություն հանդես բերել եւ վերականգնել մեծ նկարչի արձանի՝ տարիներ ի վեր կոտրված վրձինը: Իսկ առանձին անհատների եւ կազմակերպությունների նախաձեռնությունները, ինչպես նաեւ խնդրի լուսաբանումը լրատվամիջոցներում, ըստ քաղաքապետարանի, որեւէ դեր չեն խաղացել այդ գործում:

Մնում է հիանալ քաղաքապետի համեստությամբ, որ արձանի կողքին «Վերականգնվել է Տարոն Մարգարյանի անձնական նախաձեռնությամբ» գրությունով հատուկ ցուցանակ չի տեղադրվել:

Նախորդ հոդվածը‘Սահակաշվիլիին մեղադրում են պետական միջոցները մասաժի վրա վատնելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն արգելում է ուկրաինական ոգելից խմիչքների ներկրումը’