‘Քաղաքապետարանը ռեկետն օրինականացրել է’

2123

«Երեւան հիմնադրամը» գոյություն ունի դեռեւս 90-ականներից: Թե ինչով է զբաղվում այս կառույցը եւ որքանով է օգտակար Երեւանին, կանդրադառնանք առաջիկայում: Սակայն առավել կարեւոր է, թե ինչպես են գոյանում այս կառույցի միջոցները:

Պարզվում է՝ շատ սովորական դրամաշորթությամբ: Եվ մինչ օրս աշխատած բոլոր քաղաքապետերը*, այդ թվում Տարոն Մարգարյանը, ոչ միայն չեն կանխում, այլեւ ամեն կերպ նպաստում են դրան: Քաղաքապետարանում բոլոր գործարքները կատարվում են միայն նշված հիմնադրամին գումար փոխանցելու պահանջը կատարելու պայմանով:  Ոչ միայն պահանջում են  գումար մուծել, այլ նաեւ պարտադրում գումարի չափը: Եթե փոքր ձեռնարկատերերը  սահմանափակվում են մի քանի հարյուր հազար դրամով,  ապա շինարարական խոշոր թույլտվությունների դիմաց միլիոններ են պոկում, ինչը, կարճ ասած, սովորական ռեկետ է: Այս ռեկետի զոհն է դարձել նախկին զինվորական, տասնյակ գրքերի հեղինակ, պահեստային գնդապետ,  Շենգավիթ համայնքի բնակիչ Լեւոն Քոթանջյանը: Նա Շենգավիթ համայնքի Գ. Նժդեհ 18 շենքի 22 բնակարանի պատուհանը փողոցի կողմից դեռեւս 1993 թվականին վերափոխել է դռան, այդ տարածքը դարձնելով խանութ:

Ամիսներ առաջ՝ 2012 թվականի նոյեմբերի 19-ին, Լեւոն Քոթանջյանը դիմել է Շենգավիթի թաղապետարան՝ օրինական փաստաթղթեր ստանալու նպատակով, քանի որ արդեն տասնինը տարի այն ձեւափոխված է եղել,  եւ, համաձայն գործող օրենքի, եթե շինությունը տասը տարուց ավելի գոյություն ունի, արդեն օրինական է համարվում: Քոթանջյանի դիմումից օրեր անց թաղապետարանից պատասխանել են, որ նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են Երեւանի քաղաքապետարան: Այստեղից էլ Անշարժ գույքի վարչության պետ Զավեն Հակոբյանը պատասխանել է, որ հարցն ուղարկվել է ճարտարապետներին, եւ հաստատելուց հետո այն վերադարձրել են քաղաքապետարան: Եվ խոստացել է հաջորդ օրը պատասխանել: Իսկ հաջորդ օրն արդեն Քոթանջյանին  իրազեկել է. «Կարող եք վճարում կատարել «Երեւան հիմնադրամին»»: «Ասացի՝ լավ, օրերս թոշակիցս 40-50 հազար  կփոխանցեմ, ասաց՝ չէ, ի՞նչ հիսուն, 250 հազար դրամ: Ասացի՝ սիրելիս, եթե այդպես է, Դուք կմուծեք եւ ինձ գրավոր պատասխան ուղարկեք, ես հրաժարվում եմ այդ գումարից, քանի որ օրենքով սահմանված կարգով այդ շինությունն արդեն օրինական է, մնում է փաստաթղթավորել»,-մեզ հետ զրույցում պատմում էր  Քոթանջյանը:

 Դա դեկտեմբերի 18-ին էր, ապա նա մեկնել է Ռուսաստան եւ  հունվարին վերադառնալուց հետո ստացել զավեշտի հասնող մի հուզական պատասխան՝ նվիրված Նժդեհ 18 շենքի հարակից տարածքի ճարտարապետական նկարագրին: Ահա այդ պատասխանը. «Քաղաքապետարանում ընթանում են Երեւան քաղաքի ճարտարապետական դիմագիծն ու գեղագիտական տեսքը վերականգնելու, ճարտարապետական փոքր ձեւերով արտահայտված  կառույցների տեղաբաշխումը կանոնակարգելու, հարցերին համապատասխան լուծում տալու վերաբերյալ քննարկումներ»: Այսինքն, իրենց պահանջած անօրինական 250 հազար դրամը չստանալուց հետո Զավեն Հակոբյանը  ստիպված է լինում երկնել նման բանաստեղծական տողեր:  «Բա մի հատ չգայիք, պարոն Հակոբյան, էդ փողոցը տեսնեիք, թե ինչ աստիճաններ են դրել մայթի վրա, ինչ շինություններ սարքել, որը գեղագիտական  խնդիրներ չի՞ առաջացնում: Իսկ մերը ոչ մի աստիճան չկա, պարզապես լուսամուտը դուռ է սարքված: Այն էլ օրինականացնելու որեւէ խնդիր չկար, նորմալ ընթանում էր գործընթացը, եւ այն պահին, որ ես ասացի՝ 50 հազար կմուծեմ, արդեն հիշեցին ճարտարապետության մասին, մինչդեռ օրենքի ուժով այդ կառույցն արդեն օրինական է համարվում, եւ իրենք օրենք են խախտում ՝ այն չհաստատելով»,- ասաց Քոթանջյանը, ում հարցն այդպես էլ օդում կախված է մնացել ռեկետին չենթարկվելու պատճառով:

 Զավեն Հակոբյանը  մեզ հետ զրույցում կտրուկ հերքեց, որ ինքը  գումարի մասին խոսել է:  Թե ինչով է հիմնավորում հիմնադրամի համար 250 հազար դրամ վճարելու պահանջը,  Զավեն Հակոբյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Երբ հիշեցրինք, դարձյալ անտեղյակ ձեւանալով՝ պնդեց. «Ես նման բան չգիտեմ եւ կրկնում եմ, որ չգիտեմ ինչի մասին է խոսքը, Դուք շարունակում եք հարց տալ»: Մինչդեռ այս ռեկետի մասին կվկայի Երեւանի քաղաքապետարանի հետ գործ ունեցած ցանկացած քաղաքացի: Իսկ «Երեւան հիմնադրամի» տնօրեն Աշոտ Ղազարյանը ողջ օրը չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Գայանե Սարիբեկյան

«Հրապարակ»

_____

* 1992-1996 թ.թ. քաղաքապետ Վահագն Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտոնավարման օրոք «Երևան» հիմնադրամը գոյություն չի ունեցել և ստեղծվել է ավելի ուշ:

Նախորդ հոդվածը‘Երևանում նռնակ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Օբաման աշխատավարձի մի մասը կվերադարձնի բյուջե’